23:39 19 օգոստոսի, 2016Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին հարվածել է կանանց Ռուսաստանի հավաքականի մարզուհի Իննա Տրաժուկովային, որը Ռիոյի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարում 3:6 հաշվով պարտվել է Լեհաստանի ներկայացուցիչ Մոնիկա Միխալիկին:
«Ամեն ինչ տեղի ունեցավ երրորդ տեղի համար իմ գոտեմարտից հետո: Մարզումային դահլիճում ինձ մոտեցավ Մամիաշվիլին եւ հարվածեց դեմքիս: Առաջին անգամ նա թեթեւ հարվածեց, երկրորդ անգամ՝ ուժեղ: Դրանից հետո մեր մարզիչներ Իրբեկ Ֆարնիեւն ու Զաուր Բոտաեւը շատ արագ նրան մի կողմ տարան: Շատ ցավալի է: Չէի ցանկանա, որ դա տեղի ունենար եւս մեկի հետ: Ես դատի կտամ Մամիաշվիլիին»,- պատմել է Իննա Տրաժուկովան Sport-express-ին:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը հայտարարել է, որ չի հավատում այդ լուրերին, սակայն եթե պաշտոնական տեղեկություն լինի, հարցը կքննարկվի:
Ավելի ուշ Մամիաշվիլին հայտարարել է, որ կարող է ներողություն խնդրել մարզուհուց ամեն ինչի համար, սակայն չի հաստատել, որ հարվածել է նրան:
«Շատ կոշտ ու բարդ զրույց ունեցանք Տրաժուկովայի հետ: Բայց ավելի լավ կլիներ՝ նա մեկնաբաներ, թե ինչպես անտաղանդ ու առանց կամքի պարտություն կրեց: Տուրիստական ուղեւորության համար շնորհակալություն չեմ հայտնում»,- Մամիաշվիլիի խոսքը մեջբերում է tass.ru-ն:
Օգոստոսի 18-ին էլ Մամիաշվիլին հայտարարել էր, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչներում պարտություն կրած եւ արծաթե մեդալներ նվաճած ռուսաստանցիներ Նատալյա Վորոբյովան եւ Վալերիա Կոբլովան «ոչնչություն» են:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.