19:00  ,  6 մարտի, 2012

Արթուր Աբրահամ. Քննադատները կլռեն մարտի 31-ից հետո

Մարտի 31-ին Գերմանական Կիլ քաղաքում Արթուր Աբրահամը անցկացնելու է իր հերթական մենամարտը՝ ռինգ դուրս գալով լեհ Պյոտր Վիլշեւսկու դեմ: Մրցակիցը երկրորդ միջին քաշային կարգում Եվրոպայի նախկին չեմպիոնն է եւ այս մենամարտում վիճարկվելու է Եվրոպայի տարածաշրջանի չեմպիոնական գոտին: Միեւնույն ժամանակ այս մենամարտում հաղթանակ տանելուց հետո Աբրահամն արդեն իրավունք կստանա վիճարկել Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) չեմպիոնական գոտին: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Արթուր Աբրահամի հետ:

Արթուր, ինչպե՞ս ես նախապատրաստվում Պյոտր Վիլշեւսկու հետ առաջիկա մենամարտին:

Արդեն 2,5 ամիս է, ինչ մարզվում եմ՝ նախապատրաստվելով գալիք մենամարտին: Արդեն անցել ենք սպարինգներին: Մրցակցի ոճին համապատասխանող բռնցքամարտիկներ ենք հրավիրել սպարինգներ անցկացնելու նպատակով: Նրանք արդեն ժամանել են ԱՄՆ-ից, Ռուսաստանից:

Ի՞նչ կարծիքի ես Վիլշեւսկու մասին:

Լեհ բռնցքամարտիկը եղել է Եվրոպայի չեմպիոն այս քաշային կարգում: Ոճով պանչեր է, այսինքն նա շեշտը դնում է ուժեղ հարվածների վրա: Ֆիզիկապես շատ լավ պատրաստված բռնցքամարտիկ է: Այնպես որ նրան թերագնահատել չի կարելի: Բնականաբար նրա ոճն ու հիմնական գործողությունները կուսումնասիրվեն մեր կողմից եւ ես էլ հերթական անգամ ամեն ինչ կանեմ՝ իմ մարզիչներին, երկրպագուներին հաղթանակով ուրախացնելու համար:

Պյոտր Վիլշեւսկու հետ մենամարտում հաղթանակ տանելու դեպքում դու արդեն աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկելո՞ւ ես Միկել Կեսլեր - Ռոբերտ Շտիգլից զույգի հաղթողի հետ:

Անկասկած  Վիլշեւսկու հետ մենամարտը շատ կարեւոր մրցակցություն է լինելու: Ես հիմա չեմ մտածում, թե հետո ում հետ եմ մենամարտելու: Կարեւոր է լավ նախապատրաստվել ու գեղեցիկ հաղթանակ տանել Պյոտր Վիլշեւսկու նկատմամբ, հետո նոր արդեն կմտածենք, թե ով է լինելու հաջորդ մրցակիցը: Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ ես նշեցի, որ առաջնայինն աշխարհի չեմպիոնական կոչում նվաճելն է, այնպես որ այդ ճանապարհով էլ գնում ենք:

Արթուր, boxing 24 կայքի մեկնաբան Ուիլյամ Մակեան հոդված է գրել՝ զարմանք արտահայտելով, որ դու պարտություններից հետո հայտնվում ես երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի հինգ լավագույն բռնցքամարտիկների մեջ:

Ճիշտն ասած ես տեղյակ չեմ այդ հոդված մասին: Ամեն դեպքում ինձ չի հետաքրքրում, թե ինչ են գրում նման կայքերում: Փաստորեն, ինչ-որ նեգատիվ վերաբերմունք կա իմ նկատմամբ: Բայց դա խնդիր չէ: Ես մարտի 31-ին ցույց կտամ, որ այդ կայքում տեղադրված հոդվածն ու նման հեղինակների կարծիքը չի համապատասխանում իրականությանը: Մենք կապացուցենք, որ դա իրականության հետ ոչ մի կապ չունի եւ այլեւս նման բան չեն գրի:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Լուսանկար. Arthurabraham.de

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով