14:02  ,  7 հուլիսի, 2016

Հայաստանի հավաքականի հիմքի վրա ստեղծվելիք ակումբը կմասնակցի Ռուսաստանի Սուպերլիգային

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականի խաղացողներով կձեւավորվի նոր ակումբ, որը հանդես կգա Ռուսաստանի Սուպերլիգայում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպամ ընթացքում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը։

«Այժմ ֆեդերացիան, հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի հետ աշխատում է հավաքականի անդամներից բաղկացած նոր ակումբ ստեղծելու ուղղությամբ։ Մի քանի օրից արդեն կհայտարարենք այն 8 բասկետբոլիսների անունները, որոնք կլինեն ակումբի թիմի կազմում։ Թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը կրկին կվստահվի Տիգրան Գյոկչյանին»,- ասաց Արա Պողոսյանը։

Ֆեդերացիայի փոխնախագահի փոխանցմամբ, հայկական բասկետբոլային ակումբը կմասնակցի այս տարվա հոկտեմբերին մեկնարկելիք Ռուսաստանի Սուպերլիգային։

«Թիմը հանդես կգա սուպերլիգայում։ Ինչպես հարկն է կանցկացնենք նաեւ տնային հանդիպումներ, որոնք տեղի կունենան Երեւանի «Միկա» մարզահամալիրում։ Երբ հայտարարենք 8 բասկետբոլիստների անունները եւ ակումբի անունը, դրանից հետո նոր կսկսենք մարզումները, կանցկացնենք նաեւ մի քանի ընկերական հանդիպումներ»,- նշեց Արա Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին անգամ նվաճել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի տիտղոսը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով