17:44  ,  29 փետրվարի, 2016

Իրինա Ռոդնինա. Արդեն ժամանակն է, որ Հայաստանը տաղանդներ տա համաշխարհային գեղասահքին

Այս այցելությունն ինձ համար շատ կարեւոր է եւ միաժամանակ հաճելի, մեծ ցանկություն ունեի ավելի լավ ճանաչել Հայաստանը եւ շփվել մարդկանց հետ, Երեւանում ասել է եռակի օլիմպիական չեմպիոն, գեղասահքի աշխարհի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Լեգենդար գեղասահորդուհին այցելել է իր անվան նորաբաց գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց, հանդիպել մարզչական անձնակազմի, մարզվող երեխաների հետ: Մարզադպրոց այցելությունից հետո եռակի օլիմպիական չեմպիոնը հանդիպեց լրագրողներին:

«Եղա գեղասահքի նորաբաց մարզադպրոցում, որն ի դեպ իմ անունով են կոչել: Հետեւեցի, թե ինչպես են այնտեղ աշխատում երեխաները, մարզիչները, ինչպես է աշխատում մարզադպրոցը: Ինձ համար շատ հաճելի է, որ Երեւանում բացված գեղասահքի մարզադպրոցին տվել են իմ անունը, բացի այդ՝ նաեւ շատ պարտավորեցնող է, քանի որ ամեն անգամ, երբ լինեմ Հայաստանում անպայման կհետեւեմ մարզադպրոցի աշխատանքներին, սառույցի վրա տարվող աշխատանքներին:

Մարզչական խորհրդի հետ քննարկեցինք նաեւ վարպետության դասընթացներ կազմակերպելու եւ անցկացնելու մասին, որոնցից մի քանիսը նաեւ կվարեմ ես ինքս, կկազմակերպենք սեմինարներ մարզիչների, մարզիկների համար եւս: Կկազմակերպվեն նաեւ սեմինարներ ընդունող հանձնժողովների համար, ովքեր անցկացնում են երեխաների, պատանիների եւ երիտասարդների ընդունելությունները: Սա ցավալի հարց է, որ մնացել է դեռեւս խորհրդային տարիներից, երբ մարզիկներին ընտրում էին սուբյեկտիվ հիմքերով՝ միայն մեկ անգամ տեսնելով՝ համապատասխանում է, չի համապատասխանում տարբերակով:

Մենք պետք է վերացնենք այդ հին մեթոդները, որպեսզի հնարավորություն տրվի բոլորին, ովքեր ցանկանում են թեկուզ ոչ պրոֆեսիոնալ սովորել, կանգնել չմուշկների վրա, սահել սառույցի վրա: Հետո նոր նրանց միջից ընտրել հեռանկարային գեղասահորդների:

Այն ինչ տեսա մարզադպրոցում, ինձ շատ դուր եկավ: Լավ աշխատանք է տարվում: Սառույցի վրա մի քանի հնարքներ ցուցադրեցի երեխաներին»,- ասաց եռակի օլիմպիական չեմպիոնը:

Հարցին, թե ինչպես կգնահատի Հայաստանում գեղասահքի զարգացումը, Իրինա Ռոդնինան նշեց, որ արդեն պայմանները կան, անհրաժեշտ է մեծ աշխատանք կատարել:

«Հայերի մեջ շատ տաղանդներ կան, տաղանդավոր մարզիկներ կան, որոնց պետք է ճիշտ ուղու վրա դնել: Այստեղ միշտ պակասել են պայմանները, հնարավորությունները, բայց մասնագետների խնդիր դուք չեք ունեցել: Ռուսաստանում հակառակն էր՝ մենք ունեինք շատ լավ պայմաններ, բայց մասնագետների, բազայի պակաս: Հիմա արդեն ժամանակն է, որ Հայաստանը մեծ աշխատանք կատարի, տաղանդներ տա մեծ սպորտին: Ես երբեք չեմ կարող նաել սառույցի վրա սահող մարզիկին եւ ասել, որ նա օլիմպիական չեմպիոն կդառնա: Ես միայն կարող եմ ասել, թե նա ինչ տաղանդ ունի, ինչ հնարավորություններ ունի, որքան կարող է աճել: Հայ մարզիկների մեջ ես տեսնում եմ այդ տաղանդը, հնարավորությունը, դուք ունեք հիանալի մարզադպորց, մարզվելու, մարզիկներ պատրաստելու համար ամեն հնարավորություն կա»:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով