10:26  +04,  27 փետրվարի, 2016

Արթուր Աբրահամ. ԱՄՆ-ում ռինգ դուրս գալը եղել է կյանքիս երազանքը

ԱՄՆ-ում մենամարտելը, ռինգ դուրս գալը իմ կյանքի երազանքն է եղել: Վերջապես իրականացավ երազանքս, եւ ես պետք է դուրս գամ ռինգ Լաս Վեգասում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուլղարիայից ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով ապրիլի 9-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կպաշտպանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտում:

Այս օրերին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը մարզիչ Ուլի Վեգների հետ գտնվում է Բուլղարիայում, որտեղ էլ Արթուր Աբրահամը պատրաստվում է մենամարտին:

Արթուր, ԱՄՆ-ում մենամարտելու ես առաջին անգամ: Ի՞նչպես ես տրամադրված մենամարտիդ:

Յուրաքանաչյուր պորֆեսիոնալ բռնցքամարտիկի երազանքն է մենամարտել ԱՄՆ-ում: Տրամադրվածությունս մարտական է,  հաղթանակի նպատակով: Իրականում դա լինելու է շատ մեծ ու պատմական օր իմ մարզական կարիերայում, եւ ես ցանկանում եմ հաղթանակով դուրս գալ այս պայքարից: Ես շատ հաղթանակներ եմ ունեցել Գերմանիայում, բայց ԱՄՆ-ում հաղթելը կլինի եւս մեկ շատ մեծ հաղթանակ ինձ համար:

Ինձ համար շատ կարեւոր է այս մենամարտը, քանի որ այն տեղի է ունենալու ինձ համար օտար երկրում, քաղաքում: Միշտ մտավախություն կա՝ չգիտես այդ երկիրը, քաղաքը ինչպես քեզ կընդունի՝ մարդիկ, հանդիսատեսը. միշտ անհանգստանում եմ: Այդ մտավախությունը ունենում են բոլոր բռնցքամարտիկները, մարզիկները: Չնայած՝ յուրաքանչյուր մենամարտից առաջ սիրտս թրթռում է, թե ինչպես ինձ կընդունեն: Այդպես էլ կլինի Ամերիկայի ռինգում: Բացի այդ՝ ես դեռ պետք է հարմարվեմ այդ երկրի բնակլիմայական պայմաններին, այդ պատճառով Լաս Վեգաս կմեկնեմ մենամարտից երկու շաբաթ առաջ:

Սա լինելու է քո կյանքի ամենակարեւո՞ր մենամարտը:

Ոչ, ամենակարեւորը չէ, բայց ամենակարեւորներից մեկն է: Առհասարակ իմ յուրաքանչյուր մենամարտ ինձ համար շատ կարեւոր է, ամեն մեկն իր հերթին ամենակարեւորներից է: Յուրաքանչյուր մենամարտին մոտենում եմ ամենայն լրջությամբ եւ կարեւորությամբ:

Մրցակիցդ մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսն է: Ի՞նչ կասես նրա մասին:

Մրցակիցս ուժեղ բռնցքամարտիկ է, ոչ մի պարտություն չունի: Գիտակցում եմ, որ մեծ պայքար է գնալու ռինգում: Բայց, մենք էլ թույլ չենք: Այսպես ասած՝ ոչ նա է թույլ, ոչ՝ ես:

Իսկ ի՞նչ է ասում մարզիչդ Ռամիրեսի մասին:

Ասում է, որ ինչպես էլ լինի, ինչ էլ անես, պիտի հաղթես Ռամիրեսին: Ես շատ եմ ցանկանում հաղթել ԱՄՆ-ում:

Այժմ դու մարզվում ես Բուլղարիայում: Ինչո՞ւ եւ ո՞ւմ որոշմամբ ես մենամարտիդ նախապատրական փուլն անցկացնում Բուլղարիայում:

Այստեղ գտնվում եմ բարձր լեռնային կլիմայական գոտում, սարերում, որտեղ օդը շատ խիտ է ու ծանր: Գտնվում ենք ծովի մակարդակից շատ բարձր գոտում: Այս վայրն ընտրել է մարզիչս, եւ նրա որոշումն է, որ ԱՄՆ-ի մենամարտիս նախապաատրաստվեմ այստեղ: Ընդհանրապես, բոլոր հարցերում՝ որտեղ մարզվենք, ինչպես, ինչ ծրագրով, որոշողը մարզիչս է: Այս կլիմայական պայմաններին սկզբում շատ բարդ էր հարմարվելը, բայց մի քանի օր անց արդեն կարգավորվեց: Այստեղ իսկապես շատ լավ է, ես ինձ լավ եմ զգում, առաջին անգամ եմ մարզվում Բուլղարիայում եւ ինձ այստեղ շատ դուր է գալիս: Կցանկանամ հետագա մենամարտերիս ժամանակ էլ մարզվել այստեղ:

Արթուր այս մենամարտը լինելու է քո ամուսնական կյանքում արդեն երկրորդը: Կինդ ներկա կգնտվի՞ այս կարեւոր մենամարտին:

Ոչ, նա ներկա չի լինի: Առհասարակ, ամենուր նա ինձ հետ է, բայց մենամարտերին կարիք չկա, որ գա, անմիջապես դահլիճից հետեւի: Կարեւորն այն է, որ նա միշտ ինձ հետ է կյանքում: Դահլիճում, ռինգում իմ կողքին են լինում իմ մարզիչը, եղբայրս, հայրս: Կինս իմ մենամարտին կհետեւի տանից:

Ո՞ւմ կնվիրես հաղթանակդ:

Երբ կհաղթեմ, այդ ժամանակ նոր կնվիրեմ այն ինչ-որ մեկին: Դեռ պետք է հաղթենք: Իսկ դրա համար ամեն ինչ կանեմ, պետք է հաղթեմ: Այլ տարբերակ չի կարող լինել:

Հիշեցնենք, որ 35-ամյա Աբրահամի ու 24-ամյա  Ռամիրեսի միջեւ մենամարտը կայանալու է ապրիլի 9-ին Լաս Վեգասում: Հայ բռնցքամարտիկը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով