10:26 27 փետրվարի, 2016ԱՄՆ-ում մենամարտելը, ռինգ դուրս գալը իմ կյանքի երազանքն է եղել: Վերջապես իրականացավ երազանքս, եւ ես պետք է դուրս գամ ռինգ Լաս Վեգասում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուլղարիայից ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով ապրիլի 9-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կպաշտպանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտում:
Այս օրերին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը մարզիչ Ուլի Վեգների հետ գտնվում է Բուլղարիայում, որտեղ էլ Արթուր Աբրահամը պատրաստվում է մենամարտին:
Արթուր, ԱՄՆ-ում մենամարտելու ես առաջին անգամ: Ի՞նչպես ես տրամադրված մենամարտիդ:
Յուրաքանաչյուր պորֆեսիոնալ բռնցքամարտիկի երազանքն է մենամարտել ԱՄՆ-ում: Տրամադրվածությունս մարտական է, հաղթանակի նպատակով: Իրականում դա լինելու է շատ մեծ ու պատմական օր իմ մարզական կարիերայում, եւ ես ցանկանում եմ հաղթանակով դուրս գալ այս պայքարից: Ես շատ հաղթանակներ եմ ունեցել Գերմանիայում, բայց ԱՄՆ-ում հաղթելը կլինի եւս մեկ շատ մեծ հաղթանակ ինձ համար:
Ինձ համար շատ կարեւոր է այս մենամարտը, քանի որ այն տեղի է ունենալու ինձ համար օտար երկրում, քաղաքում: Միշտ մտավախություն կա՝ չգիտես այդ երկիրը, քաղաքը ինչպես քեզ կընդունի՝ մարդիկ, հանդիսատեսը. միշտ անհանգստանում եմ: Այդ մտավախությունը ունենում են բոլոր բռնցքամարտիկները, մարզիկները: Չնայած՝ յուրաքանչյուր մենամարտից առաջ սիրտս թրթռում է, թե ինչպես ինձ կընդունեն: Այդպես էլ կլինի Ամերիկայի ռինգում: Բացի այդ՝ ես դեռ պետք է հարմարվեմ այդ երկրի բնակլիմայական պայմաններին, այդ պատճառով Լաս Վեգաս կմեկնեմ մենամարտից երկու շաբաթ առաջ:
Սա լինելու է քո կյանքի ամենակարեւո՞ր մենամարտը:
Ոչ, ամենակարեւորը չէ, բայց ամենակարեւորներից մեկն է: Առհասարակ իմ յուրաքանչյուր մենամարտ ինձ համար շատ կարեւոր է, ամեն մեկն իր հերթին ամենակարեւորներից է: Յուրաքանչյուր մենամարտին մոտենում եմ ամենայն լրջությամբ եւ կարեւորությամբ:
Մրցակիցդ մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսն է: Ի՞նչ կասես նրա մասին:
Մրցակիցս ուժեղ բռնցքամարտիկ է, ոչ մի պարտություն չունի: Գիտակցում եմ, որ մեծ պայքար է գնալու ռինգում: Բայց, մենք էլ թույլ չենք: Այսպես ասած՝ ոչ նա է թույլ, ոչ՝ ես:
Իսկ ի՞նչ է ասում մարզիչդ Ռամիրեսի մասին:
Ասում է, որ ինչպես էլ լինի, ինչ էլ անես, պիտի հաղթես Ռամիրեսին: Ես շատ եմ ցանկանում հաղթել ԱՄՆ-ում:
Այժմ դու մարզվում ես Բուլղարիայում: Ինչո՞ւ եւ ո՞ւմ որոշմամբ ես մենամարտիդ նախապատրական փուլն անցկացնում Բուլղարիայում:
Այստեղ գտնվում եմ բարձր լեռնային կլիմայական գոտում, սարերում, որտեղ օդը շատ խիտ է ու ծանր: Գտնվում ենք ծովի մակարդակից շատ բարձր գոտում: Այս վայրն ընտրել է մարզիչս, եւ նրա որոշումն է, որ ԱՄՆ-ի մենամարտիս նախապաատրաստվեմ այստեղ: Ընդհանրապես, բոլոր հարցերում՝ որտեղ մարզվենք, ինչպես, ինչ ծրագրով, որոշողը մարզիչս է: Այս կլիմայական պայմաններին սկզբում շատ բարդ էր հարմարվելը, բայց մի քանի օր անց արդեն կարգավորվեց: Այստեղ իսկապես շատ լավ է, ես ինձ լավ եմ զգում, առաջին անգամ եմ մարզվում Բուլղարիայում եւ ինձ այստեղ շատ դուր է գալիս: Կցանկանամ հետագա մենամարտերիս ժամանակ էլ մարզվել այստեղ:
Արթուր այս մենամարտը լինելու է քո ամուսնական կյանքում արդեն երկրորդը: Կինդ ներկա կգնտվի՞ այս կարեւոր մենամարտին:
Ոչ, նա ներկա չի լինի: Առհասարակ, ամենուր նա ինձ հետ է, բայց մենամարտերին կարիք չկա, որ գա, անմիջապես դահլիճից հետեւի: Կարեւորն այն է, որ նա միշտ ինձ հետ է կյանքում: Դահլիճում, ռինգում իմ կողքին են լինում իմ մարզիչը, եղբայրս, հայրս: Կինս իմ մենամարտին կհետեւի տանից:
Ո՞ւմ կնվիրես հաղթանակդ:
Երբ կհաղթեմ, այդ ժամանակ նոր կնվիրեմ այն ինչ-որ մեկին: Դեռ պետք է հաղթենք: Իսկ դրա համար ամեն ինչ կանեմ, պետք է հաղթեմ: Այլ տարբերակ չի կարող լինել:
Հիշեցնենք, որ 35-ամյա Աբրահամի ու 24-ամյա Ռամիրեսի միջեւ մենամարտը կայանալու է ապրիլի 9-ին Լաս Վեգասում: Հայ բռնցքամարտիկը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.