18:50  ,  17 փետրվարի, 2016

Կամո Ունանյան. Ապրում եւ մարզվում եմ ԱՄՆ-ում, բայց շարունակելու եմ ներկայացնել Հայաստանը

Մարզիկի համար ամենակարեւորն ուշադրությունն է, որ իր արած գործը գնահատվի, պետության կողմից վերաբերմունք լինի: Հայաստանում այդ ուշադրությանը ընդունված է արժանացնել միայն ըմբիշներին, բռնցքամարտիկներին, ծանրորդներին եւ շախմատիստներին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից ասաց սպորտային կարատեի  աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 28-ամյա Կամո Ունանյանը:

Կամո, դու երկար ժամանակ հանդես էիր գալիս Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայից, ապա տեղափոխվեցիր Ղազախստան, հետո կրկին սկսեցիր ներկայացնել Հայաստանը: Այժմ ապրում եւ մարզվում ես ԱՄՆ-ում: Ինչո՞ւ չմնացիր Հայաստանում եւ այստեղ չշարունակեցիր մարզական կարիերադ:

Ես զբաղվում եմ սպորտային կարատեով: 1996  թվականից Հայաստանի պատանիների հավաքականի անդամ էի, 1997-ին Հունգարիայում դարձա աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր: 1998 թվականին ընտանիքով տեղախոխվեցինք Ղազախստան, 2000-2004 թվականներին հանդես եկա Ղազախստանի հավաքականում եւ դարձա աշխարհի չեմպիոն: 2006 թվականին վերադարձա հայրենիք։ Հայաստանի հավաքականի կազմում դարձել եմ աշխարհի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, արծաթե եւ բրոնզե մեդալակիր: Այժմ ապրում եմ ԱՄՆ-ում: Մարզական կարիերաս շարունակում եմ այստեղ:

Միայն սպոտային կարատեն է աշխարհում համարվում սպորտ, այլ ոչ մարտարվեստ: 1999 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեն սպորտային կարատեն ճանաչել է մարզաձեւ: Հայաստանում միայն կարատեի ազգային ֆեդերացիան է, որ ֆինանսավորվում է պետբյուջեից եւ ՀԱՕԿ-ից: Գոյություն ունի կարատեի մեկ ազգային ֆեդերացիա։ Դա մեր ֆեդերացիան է, որի նախագահը Գրիգոր Միքայելյանն է:  Միայն Հայաստանում է, որ ամեն մեկը մի խումբ է բացում ու դարձնում փող աշխատելու միջոց:

Հայաստանում սպորտի ոլորտում առաջընթաց չկա: Իրականում որեւէ բնագավառում առաջընթաց չկա: ԱՄՆ եմ տեղափոխվել, որ մարզական կարիերայից բացի ուժերս փորձեմ կինոարտադրությունում:

Ինչո՞ւ Հայաստանում չես շարունակել մարզական կարիերադ, եթե կա ֆինանսավորումը, պետական ուշադրությունը, ինչի պակաս շատ այլ մարզաձեւեր ունեն:

Մեր ֆեդերացիայի պետական աջակցությունը կազմում է 2 միլիոն դրամ, որը չեմ կարծում, թե մեծ գումար է եւ բավարար է մարզաձեւը զարգացնելու համար: Իսկ ես առհասարակ չեմ նայել, թե ազգային ֆեդերացիան որքան գումար է փոխանցում՝ միջազգային մրցաշարերին մասնակցելու համար, քանի որ բոլոր միջազգային մրցաշարերին ես իմ գումարով եմ գնացել, կամ ունեցել եմ իմ հովանավորը: Չէի կարող նստել սպասել, թե տարվա մեջ Եվրոպայի, աշխարհի առաջնություն եւ մեկ միջազգային մրցաշարից բացի այլ մրցաշարերի գնալու հնարվորություն կունենամ, թե ոչ: Այդպես ինձ միջազգային մրցասպարեզում ոչ կճանաչեին, ոչ ես որպես մարզիկ կզարգանայի, քանի որ յուրաքանչյուր մարզիկի անհրաժեշտ է տարվա ընթացքում շատ մրցումներ, տարբեր երկրներում սեմինարների մասնակցել:

Կամո, ի՞նչն է պատճառը, որ հայ մարզիկներից շատերը մարզական կարիերան շարունակելու համար ձգտում են մեկնել արտերկիր:

Պայմաններն են ստիպում: Ղազախստանում մինչեւ 17 տարեկանների մեջ դարձա աշխարհի չեմպիոն եւ այնպիսի ուշադրության արժանացա ֆեդերացիայի, պետության, հասարակության, նույնիսկ լրագրողների կողմից, ֆինանսական պարգեւատրումներ, որ երբեք չես համեմատի Հայաստանի հետ: Մարզիկի համար ամենակարեւորը ուշադրությունն է, որ իր արած գործը գնահատվի, պետության կողմից վերաբերմունք լինի: Հայաստանում ընդունված է այդ ուշադրությանն արժանացնել միայն ըմբիշներին, բռնցքամարտիկներին, ծանրորդներին, շախմատիստներին:

Շարունակելո՞ւ ես ներկայացնել Հայաստանը:

Ես մարզվում եմ ԱՄՆ-ում, բայց շարունակում եմ եւ շարունակելու եմ հանդես գալ Հայաստանի հավաքականից: Իրականում, անհնար է հանդես գալ ԱՄՆ-ից, քանի որ շատ երկար ժամանակի հարց է: Բացի այդ, եթե նույնիսկ  հնարավորություն ունենայի հանդես գալ ԱՄՆ-ից, միեւնույն է կշարունակեի ներկայացնել Հայաստանը:

Իսկ ի՞նչ զարգացվածություն ու տարածում ունի սպորտային կարատեն Հայաստանից դուրս:

Հայաստանից դուրս այս մարզաձեւն ավելի շատ մասսայականություն է վայելում, զարգացում ունի, քան այդտեղ: Ավելին՝ կովկասյան երկրներից ամենաքիչը սպորտային կարատեն Հայաստանում է զարգացած: Ոչ մի ուրիշ երկրում առանց ազգային կարատեի ֆեդերացիայի թույլտվության որեւէ մեկը չի կարող խումբ բացել: Զարմանալի է՝ միայն մեր Հայաստանում է այդպես: Օրինակ՝ Վրաստանում, եթե որեւէ մեկը ցանկանա բացել խումբ, իրենց երկրի ազգային ֆեդերացիան պետք է այդ լիցենզիան տա: Իսկ մեր մոտ 120 հազար դրամ մուծում են անում սպորտկոմիտեում, բացում են հնարած անվանումներով մարզաձեւերի դահլիճ եւ մարզում: Դա է պատճառը, որ հասարակությունն այսօր չի հասկանում, թե որն է պաշտոնականը, Միջազգային օլիմպիական կոմիտեի ընդունած մարզաձեւը որն է։ Զուտ գովազդներին հավատալով՝ ծնողները երեխաներին տանում են վերոնշյալ ճանապարհով բացվող դահլիճներ, չհասկանալով, որ դա անհեռանկարային մարզումներ են:

Ի՞նչ նվաճումներ ես ունեցել Հայաստանի հավաքականի կազմում եւ ի՞նչ նպատակներ ունես ԱՄՆ տեղափոխվելով:

Հայաստանի հավաքականի կազմում նվաճումներս շատ են եղել՝ 2009 WTK համաշխարհային վարկածով աշխարհի չեմպիոն եմ դարձել, ապա WIKF Եվրոպայի բրոնզե, արծաթե եւ ոսկե մեդալակիր եմ դարձել, WKF աշխարհի գավաթակիր: Սրանք բոլորը պաշտոնական մրցումներ են եղել: Շատ են լինում ոչ պաշտոնական մրցումներ, որին մասնակցում են, օրինակ, 5 երկիր, բայց մարդիկ, գնում, հաղթում են ու հայտարարում՝  «աշխարհի չեմպիոն ենք». ինքնախաբեություն: Ամենավատ տարին մարզական կարիերայումս 2015 թվականն էր, քանի որ առողջական խնդիրների պատճառով որեւէ մրցման չմասնակցեցի: Այս տարի ծրագրերս շատ են՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, միջազգային մրցաշարեր: Կշարունակեմ մարզվել, մասնակցել մրցաշարերի եւ ներկայացնել Հայաստանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով