20:09  ,  22 հունվարի, 2016

Կարեն Աղամալյան. Ստամբուլի փոխարեն մեկնելու ենք Սամսուն

Այսօր ԱԻԲԱ-ից նամակ ենք ստացել, որ Եվրոպայի առաջնությունը Ստամբուլի փոխարեն կկայանա Թուրքիայի Սամսուն քաղաքում եւ նախապես նշանակված օրից երկու շաբաթ շուտ. ապրիլի 20-ի փոխարեն մրցաշարը կկայանա ապրիլի 7-ին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, ում գլխավորությամբ այս օրերին հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյան քաղաքի մարզաբազայում:

«Այս տարին մեզ համար շատ կարեւոր է, օլիմպիական տարի է: Մինչեւ Օլիմպիական խաղերն ունենք երկու վարկանիշային մրցաշար՝ Սամսունում եւ Բաքվում: Իսկ մինչեւ Եվրոպայի առաջնությունն ունենք երկու միջազգային մրցաշար՝ Մինսկում անցկացվելիք Լիվենցեւի հուշամրցաշարը եւ Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարը Սոֆիայում:

Մարզիչ Արման Հարությունյանի ղեկավարությամբ Լիվենցեւի մրցաշարին կմասնակցեն Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Երիցյանը (69կգ) , Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Նիկոլ Հարությունովը (81կգ), Հենրիկ Սարգսյանը եւ Ռաֆայել Սիմոնյանը (91կգ): Հուշամրցաշարը կկայանա փետրվարի 1-6-ը:

Իսկ Ստրանջայի մրցաշարին, որը կայանալու է փետրվարի 22-29-ը,  կմասնակցեն Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Արման Դարչինյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (51 կգ): Թիմին Սոֆիա կուղեկցեմ ես:

Այս երկու միջազգային մրցաշարերի արդյուքններով կընտրվեն այն բռնցքամարտիկները, ովքեր կմեկնեն Թուրքիա»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Օլիմպիական ուղեգրերի ակնկալիքների մասին հավաքականի մարզիչը նշեց.

«Վարկանիշի հույսեր ունենք: Ամեն ինչ անում ենք, որ ձեռք բերենք: Դժվար է, բայց պատրաստ ենք անցնել դժվարությունների միջով: Պատրաստվում ենք գնալ վարկանիշ բերելու, թե ինչպես կլինի,  ցույց կտա ժամանակը»:

Անդրադառնալով Բաքվում կայանալիք մյուս վարկանիշային մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցությանը, Կարեն Աղամալյանը ասաց, որ դեռ հստակ որոշում չկա:

«Հստակ որոշում չկա՝ կմասնակցենք Բաքվի վարկանիշային մրցաշարին, թե ոչ, բայց մենք պատրաստվում ենք:

Սպասելիքներ ունենք նաեւ Անուշ Գրիգորյանից: Չնայած նոր է անցել մեծահասակների հավաքական,  բայց սպասելիքները մեծ են մեր մարզուհուց»,- շեշտեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով