17:52  ,  28 դեկտեմբերի, 2015

Արթուր Գեւորգյան. Բաքու մեկնելը մեծ հարցականի տակ է

Բաքու մեկնելը մեծ հարցականի տակ է: Մեր հիմնական շեշտը դնում ենք Ստամբուլի վարկանիշային մրցաշարի վրա: Կարծում եմ՝ այնտեղից կվերադառնանք օլիմպիական ուղեգրերով: Ստամբուլում իր ուժերը կչափի նաեւ Անուշ Գրիգորյանը:

Այդ մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը՝ ամփոփելով նաեւ անցնող տարին.

«Չի կարելի ասել, որ տարին անհաջող էր միայն այն պատճառով, որ հայ բռնցքամարտիկներն ուղեգիր չնվաճեցին, եւ ինչպես շատերն են ասում 2015 թվականի գերխնդիրը այդպես էլ մնաց անկատար: Ինձ համար ուղեգիր նվաճելը չէ գերխնդիրը, ինձ համար գերխնդիր է Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելը: Ես չեմ ցանկանում, որ այդ ուղեգիրը բախտի բերմամբ պատահական բռնցքամարտիկ ձեռք բերի,  հետագայում այն չկարողանա վերածել օլիմպիական մեդալի:

Այս տարի մենք օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու ընդամենը մեկ փորձ ունեցանք եւ ինքներդ էլ տեսաք, որ Հովհաննես Բաչկովը շատ մոտ էր այն նվաճելուն: Դա արդեն լուրջ հայտ է: Կարծում եմ՝ 2016 թվականին Հովհաննեսը իր խոսքը կասի: Բացի նրանից կան եւս 4-5 բռնցքամարտիկներ, ովքեր ի վիճակի են իրենց ներուժը ցույց տալ:

Դավիթ Թորոսյանը շատ բան տվեց մեր հավաքականին, բայց միեւնույն ժամանակ ինձ համար շատ կարեւոր է հավաքականում տիրող մթնոլորտը: Չմոռանանք, որ հավաքականը, մարզչական խորհուրդը եւ ֆեդերացիան կազմված են տարբեր տարիքի մարզիչներից եւ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մթնոլորտը հանգիստ լինի, որպեսզի աշխատանքի օգտակարության գործակիցը բարձր լինի:

Ես, որպես ֆեդերացիայի նախագահ, շատ բարձր եմ գտնում Դավիթ Թորոսյանի մասնագիտական ընդունակությունները: Բայց կային հարաբերություններ մյուս մարզիչների հետ, ակումբների ղեկավարության հետ, որոնք գնալով սրվում եւ լարվում էին: Ես չեմ ցանկանում, որ անձնական փոխհարաբերությունները խանգարեն հավաքականի առաջխաղացմանը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում