13:40  +04,  8 դեկտեմբերի, 2015

Արթուր Աբրահամ. Երազում եմ հայր դառնալ, երեք որդի ունենալ

Ցանկանում եմ երեք որդի ունենալ: Կյանքում ամեն ինչ ունեմ, ամուսնացել եմ, կին ունեմ, ինչ ձգտում էի ունենալ, ունեմ, միայն զավակներ չունեմ: Ինձ միայն դա է պակասում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

«Ուրախ եմ, որ եկա Հայաստան, եկել եմ հանգստանալու: Այն, որ արդեն իմ հայրենի հող ու ջրում եմ, արդեն ինձ համար հանգստություն է:

Կարեւորն այն է, որ ես հաղթում եմ, դա ինձ համար ամենակարեւորն է, իսկ հաղթանակից հետո ինձ պահանջվում է հոգեկան հաղթանակ, որն ինձ տալիս է Հայաստանը: Եկել եմ հանգստանալու, ընտանիքիս անդամների հետ Ամանորը նշելու:

Ի դեպ, արդեն անձնական փոփոխությունը կա կյանքումս, ամուսնացել եմ: Այդ մասին հասարակությունը դեռ չգիտեր, թաքուն չի ստացվել, ես չէի ուզում իմ անձնական հարցերով մամուլը լցնել: Ամուսնացել եմ 6 ամիս առաջ Հայաստանում:  Կնոջս անունը Մերի է, ուսանող է, սովորում է ԵՊՀ-ում:

Իմ միակ երազանքն է ունենալ երեք երեխա: Հիմա ունեմ ամեն ինչ, միայն երեխաներ չունեմ: Երազում եմ հայր դառնալ, երեք որդի ունենալ:

Անկեղծ ասած չէի ուզի, որ իմ երեխաները դառնային բռնցքամարտիկ: Սա շատ տանջալից մարզաձեւ է: Իմ ծնողները դեմ են եղել, մայրիկս միշտ դեմ էր, մինչեւ հիմա էլ դեմ է: Ես էլ չէի ուզի, որ իմ ընտրած ճանապարհով գնային:

Դեռ չեմ պլանավորել Ամանորը, ուզում ենք մի տեղ դիմավորել բոլորս միասին: Ընտանիքի անդամները որտեղ որոշեն այնտեղ էլ կդիմավորենք:

Երեւի երկու տարի կմենամարտեմ եւ կթողնեմ բռնցքամարտը: Ես տանը չեմ լինում, կարոտում եմ տանը պառկել բազմոցին, դիտել հեռուստացույց»,- ասաց Արթուր Աբրահամը:

Ամփոփելով անցնող տարին եւ վերջին հաղթական մենամարտը՝ աշխարհի չեմպիոնը նշեց.

«Վերջին մենամարտս շատ կարեւոր էր: Մարտին Մարեյը ուժեղ բռնցքամարտիկ է: Ծանր էր մենամարտը, նա ունի շատ մեծ փորձ, բայց կարեւորն այն է, որ ես հաղթեցի: Լավ մարզիկ է, բայց իմ հաղթանակը փաստ է եւ մարզիչս շատ գոհ էր իմ մենամարտից: Ես սպասում էի, որ այդքան բարդ է լինելու Մարտին Մարեյի հետ մենամարտս: Նա միշտ հաղթել է, իր կարիերայում նա երկու անգամ էր պարտվել, սա էլ եղավ երրորդ պարտությունը: Մարտին Մարեյն էլ էր պայքարում, որն ինձ հաղթեր: Ես սովորաբար հանգիստ եմ սկսում մենամարտս, հենց արդեն գալիս է 4-5-րդ ռաունդները, նոր սկսում եմ ակտիվություն հավաքել, հարվածել:

Հաջորդ մենամարտս դեռ որոշված չէ, բայց մարտին կլինի: Մրցակիցս կլինի մեքսիկացի Ռամիրեսը, ով առաջին համարն է WBO վարկածում, աշխարհի չեմպիոնի գոտու հավակնորդ:

Շաբաթ օրը ստացա Բեռլինի 2015-ի լավագույն մարզիկի կոչումը: Երբ դու Հայաստանից գնում ես Գերմանիա ու դառնում լավագույն մարզիկ, դա մեծ պատիվ է եւ ավելի շատ է ոգեշնչում, որ մեծ հաջողությունների հասնեմ:

Խոսակցություններ կային, որ հավանական է Հոփքինսի հետ մենամարտ անցկացնել, բայց դեռեւս այդ հարցը գրված է սառույցին, քանի որ մեր պրոմոուտերները կարծես այդպես էլ ընդհանուր եզրակացության չեկան: Ես նույնպես կուզեի նրա հետ մենամարտել:

Վատ չի Հայաստանում բռնցքամարտի զարգացումը, լավ է: Ունենք 3 միլիոն մարդ եւ մեդալներ ենք նվաճում, իսկ Գերմանիայում ապրում է 80 միլիոն մարդ եւ դժվարությամբ են մեդալներ նվաճում:

Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացնելու համար հարկավոր է հեռուստաընկերություն: Չես կարող անընդհատ եթեր վարձակալել: Դրանք մեծ գումարներ են: Հարկավոր է մեկ առանձին հեռուստաալիք, որպեսզի պրոֆեսիոնալ բռնցքամարտ ցուցադրվի, անցկացվեն մենամարտեր»,- մեկնաբանեց բռնցքամարտիկը:

Անդրադառնալով Հայաստանում տիրող վերջին քաղաքական անցուդարձերին, Արթուր Աբրահամի խոսքով, ինքը դուրս է քաղաքականությունից.

«Քաղաքական անցուդարձով շատ չեմ հետաքրքրվում, ամեն ինչից լավ տեղյակ չեմ: Քաղաքականության մեջ ընդհանրապես չկամ, ես մարզիկ եմ եւ փորձում եմ ինձ քաղաքականությունից դուրս պահել. հասարակ մարդ եմ, հասարակ մարզիկ»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ