13:40 8 դեկտեմբերի, 2015Ցանկանում եմ երեք որդի ունենալ: Կյանքում ամեն ինչ ունեմ, ամուսնացել եմ, կին ունեմ, ինչ ձգտում էի ունենալ, ունեմ, միայն զավակներ չունեմ: Ինձ միայն դա է պակասում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
«Ուրախ եմ, որ եկա Հայաստան, եկել եմ հանգստանալու: Այն, որ արդեն իմ հայրենի հող ու ջրում եմ, արդեն ինձ համար հանգստություն է:
Կարեւորն այն է, որ ես հաղթում եմ, դա ինձ համար ամենակարեւորն է, իսկ հաղթանակից հետո ինձ պահանջվում է հոգեկան հաղթանակ, որն ինձ տալիս է Հայաստանը: Եկել եմ հանգստանալու, ընտանիքիս անդամների հետ Ամանորը նշելու:
Ի դեպ, արդեն անձնական փոփոխությունը կա կյանքումս, ամուսնացել եմ: Այդ մասին հասարակությունը դեռ չգիտեր, թաքուն չի ստացվել, ես չէի ուզում իմ անձնական հարցերով մամուլը լցնել: Ամուսնացել եմ 6 ամիս առաջ Հայաստանում: Կնոջս անունը Մերի է, ուսանող է, սովորում է ԵՊՀ-ում:
Իմ միակ երազանքն է ունենալ երեք երեխա: Հիմա ունեմ ամեն ինչ, միայն երեխաներ չունեմ: Երազում եմ հայր դառնալ, երեք որդի ունենալ:
Անկեղծ ասած չէի ուզի, որ իմ երեխաները դառնային բռնցքամարտիկ: Սա շատ տանջալից մարզաձեւ է: Իմ ծնողները դեմ են եղել, մայրիկս միշտ դեմ էր, մինչեւ հիմա էլ դեմ է: Ես էլ չէի ուզի, որ իմ ընտրած ճանապարհով գնային:
Դեռ չեմ պլանավորել Ամանորը, ուզում ենք մի տեղ դիմավորել բոլորս միասին: Ընտանիքի անդամները որտեղ որոշեն այնտեղ էլ կդիմավորենք:
Երեւի երկու տարի կմենամարտեմ եւ կթողնեմ բռնցքամարտը: Ես տանը չեմ լինում, կարոտում եմ տանը պառկել բազմոցին, դիտել հեռուստացույց»,- ասաց Արթուր Աբրահամը:
Ամփոփելով անցնող տարին եւ վերջին հաղթական մենամարտը՝ աշխարհի չեմպիոնը նշեց.
«Վերջին մենամարտս շատ կարեւոր էր: Մարտին Մարեյը ուժեղ բռնցքամարտիկ է: Ծանր էր մենամարտը, նա ունի շատ մեծ փորձ, բայց կարեւորն այն է, որ ես հաղթեցի: Լավ մարզիկ է, բայց իմ հաղթանակը փաստ է եւ մարզիչս շատ գոհ էր իմ մենամարտից: Ես սպասում էի, որ այդքան բարդ է լինելու Մարտին Մարեյի հետ մենամարտս: Նա միշտ հաղթել է, իր կարիերայում նա երկու անգամ էր պարտվել, սա էլ եղավ երրորդ պարտությունը: Մարտին Մարեյն էլ էր պայքարում, որն ինձ հաղթեր: Ես սովորաբար հանգիստ եմ սկսում մենամարտս, հենց արդեն գալիս է 4-5-րդ ռաունդները, նոր սկսում եմ ակտիվություն հավաքել, հարվածել:
Հաջորդ մենամարտս դեռ որոշված չէ, բայց մարտին կլինի: Մրցակիցս կլինի մեքսիկացի Ռամիրեսը, ով առաջին համարն է WBO վարկածում, աշխարհի չեմպիոնի գոտու հավակնորդ:
Շաբաթ օրը ստացա Բեռլինի 2015-ի լավագույն մարզիկի կոչումը: Երբ դու Հայաստանից գնում ես Գերմանիա ու դառնում լավագույն մարզիկ, դա մեծ պատիվ է եւ ավելի շատ է ոգեշնչում, որ մեծ հաջողությունների հասնեմ:
Խոսակցություններ կային, որ հավանական է Հոփքինսի հետ մենամարտ անցկացնել, բայց դեռեւս այդ հարցը գրված է սառույցին, քանի որ մեր պրոմոուտերները կարծես այդպես էլ ընդհանուր եզրակացության չեկան: Ես նույնպես կուզեի նրա հետ մենամարտել:
Վատ չի Հայաստանում բռնցքամարտի զարգացումը, լավ է: Ունենք 3 միլիոն մարդ եւ մեդալներ ենք նվաճում, իսկ Գերմանիայում ապրում է 80 միլիոն մարդ եւ դժվարությամբ են մեդալներ նվաճում:
Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացնելու համար հարկավոր է հեռուստաընկերություն: Չես կարող անընդհատ եթեր վարձակալել: Դրանք մեծ գումարներ են: Հարկավոր է մեկ առանձին հեռուստաալիք, որպեսզի պրոֆեսիոնալ բռնցքամարտ ցուցադրվի, անցկացվեն մենամարտեր»,- մեկնաբանեց բռնցքամարտիկը:
Անդրադառնալով Հայաստանում տիրող վերջին քաղաքական անցուդարձերին, Արթուր Աբրահամի խոսքով, ինքը դուրս է քաղաքականությունից.
«Քաղաքական անցուդարձով շատ չեմ հետաքրքրվում, ամեն ինչից լավ տեղյակ չեմ: Քաղաքականության մեջ ընդհանրապես չկամ, ես մարզիկ եմ եւ փորձում եմ ինձ քաղաքականությունից դուրս պահել. հասարակ մարդ եմ, հասարակ մարզիկ»:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.