03:19  ,  24 նոյեմբերի, 2015

Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք (ֆոտոշարք)

Եվրոպայի փոխչեմպիոններն արդեն հայրենիքում են: Շախմատի կանանց եւ տղամարդականց Հայաստանի հավաքականները նոյեմբերի 24-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունից վերադարձան Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահը կիսադատարկ էր: Շախմատի Եվրոպայի փոխչեմպիոններին դիմավորելու էին եկել միայն հարազատներն ու բարեկամները: Շախմատի հավաքականները ոչ լիարժեք կազմերով վերադարձան Հայաստան: Երեւան չեն ժամանել թիմի առաջատար Լեւոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսիսյանը:

Թիմի նորեկ Կարեն Գրիգորյանը հայտնեց, որ գրոսմայստերները Իսլանդիայից մեկնել են  Գերմանիա՝ մրցման: Չնայած սպասասրահում քիչ էին Եվրոպայի փոխչեմպիոններին դիմավորողները, այնուամենայնիվ Հայաստանի ազգային հավաքականի շախմատիստները Երեւանում արժանացան ջերմ ընդունելության. Էլինա Դանիելյանի ամուսինը ծնկի իջած դիմավորեց իր սիրելիին:

Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի հավաքականը (Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Հրանտ Մելքումյան, Կարեն Գրիգորյան) Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: 9 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթեց Իսլանդիային, Նորվեգիային, Գերմանիային, Լեհաստանին ու Վրաստանին, ոչ ոքի խաղաց Անգլիայի, Իտալիայի, Ռուսաստանի հետ եւ միակ պարտությունը կրեց ֆրանսիացիներից: Կանանց Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 10 միավորով՝ զբաղեցնելով 11-րդ տեղը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով