12:50  ,  25 սեպտեմբերի, 2015

Օլիմպիական Արմեն Զաքարյան. Եթե Հայաստանի հավաքականի տղաներին չխանգարեն, նրանք կհասնեն ամենաբարձր արդյունքների

Հայ բռնցքամարտիկները շատ տաղանդավոր են, մեծ պոտենցիալով, բայց թիկունք չունեն: Եթե Հայաստանի հավաքականի տղաներին չխանգարեն, մրցավարների միջամտություն չլինի, կողմնակալ վերաբերմունք չլինի, նրանք ամենաբարձր արդյունքները կարող են ցույց տալ  Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանի բազմակի չեմպիոն, 2015թ. AIBA Pro Boxing-ի չեմպիոն, Ռուսաստանի հավաքականում 64 կգ քաշային կարգը ներկայացնող 25-ամյա Արմեն Զաքարյանը:

Եվրոպայի չեմպիոնը Ռուսաստանի հավաքականում հանդես է գալիս 2013 թվականից: Ծնունդով Ղազախստանից է, ապրում է Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում: Գյումրեցի ծնողների զավակն արդեն ապահովել է Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ուղեգիրը: Սեպտեմբերի 22-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում AIBA Pro Boxing-ի վերջին չեմպիոնական մենամարտին մասնակցելով՝ Արմեն Զաքարյանը հաստատեց օլիմպիական վարկանիշը, թեեւ պարտվեց Գերմանիան ներկայացնող Արտյոմ Հարությունյանին:

Արմեն, պատմիր քո մասին: Ինչպե՞ս ես հաստատվել Ռուսաստանում, ո՞ւմ խորհրդով ես ընտրել բնռցքամարտը:

Ծնվել եմ Ղազախստանում: 3 տարեկանում ընտանիքով տեղափոխվեցինք Հայաստան՝ կարճ ժամանակով: Արդեն 5 տարեկանից հիմնական հաստատվեցինք Ռուսաստանում՝ Նովոսիբիրսկ քաղաքում: Ծնողներս հայ են՝ Գյումրիից: Ռուսաստան տեղափոխվելու պատճառը եղել է 1988 թվականի երկրաշարժը:

Բռնցքամարտով զբաղվելու, մարզվելու խորհուրդ ինձ տվել է ավագ եղբայրս, ով նույնպես մի ժամանակ բռնցքամարտիկ էր: 8 տարեկան էի, երբ նա ինձ առաջին անգամ իր հետ բերեց բռնցքամարտի մարզադահլիճ: Սկզբում լուրջ չէի վերաբերվում այդ մարզումներին, ինձ թվում էր՝ ուղղակի կզբաղվեմ սպորտով, բայց  չէի պատկերացնում, որ այդ մարզաձեւը կդառնա իմ կյանքի գործը: Երբ արդեն սկսվեցին հաջողություններ գրանցվել, աստիճանաբար վերաբերմունքս փոխվեց: 13 տարեկանում ունեցա իմ առաջին լուրջ եւ այդ տարիքիս համար մեծ հաղթանակը՝ դարձա Ռուսաստանի չեմպիոն: Այդ օրվանից հասկացա, որ բռնցքամարտն ինձանից անբաժան պետք է լինի, որ ես ուզում եմ դառնալ մեծ բռնցքամարտիկ: Սկսվեցին իմ լուրջ մարզումները, լուրջ հաջողությունները: Մինչեւ երիտասարդների հավաքականում ընդգրկվելը դարձա Ռուսաստանի չեմպիոն եւ արդեն 2012 թվականից ընդգրկվեցի բռնցքամարտի Ռուսաստանի մեծահասակների հավաքականում: 2012 թվականին մեծահասակների կազմում դարձա Ռուսաստանի չեմպիոն, իսկ արդեն 2013 թվականին մեծահասակների կազմում ունեցա առաջին մեծ նվաճումս, դարձա Եվրոպայի չեմպիոն: Նույն թվականին մասնակցեցի աշխարհի առաջնությանը, բայց մեդալ չնվաճեցի:

Արմեն, դու Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ Դավիթ Հայրապետյանի (49 կգ) եւ Միշա Ալոյանի (52 կգ) հետ հանդես ես գալիս սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի մենամարտերի նոր շարքին՝ AIBA Pro Boxing-ին: Ինչպե՞ս ստացվեց, որ դու եւս համալրեցիր APB-ում հանդես եկող բռնցքամարտիկների շարքը:

Դա մեր անհատական բարձր վարկանիշի շնորհիվ է որոշվել: Բռնցքամարտիկներին ընտրել է ԱԻԲԱ-ն՝ լավագույն 8 մարզիկներին ամեն քաշային կարգում, եւ ես հայտնվել եմ իմ քաշային կարգը ներկայացնող 8 լավագույն բռնցքամարտիկների շարքում: Սա պրոֆեսիոնալ բռնցքամարտ է, պրոֆեսիոնալ բռնցքամարտ են վարում ռինգում, բայց շարունակում ես մնալ սիրողական բռնցքամարտիկ, միայն մի տարբերությամբ. եթե դու մասնակցում ես APB վարկածով մենամարտերին, ուրեմն այլեւս իրավունք չունես մասնակցել Եվրոպայի, աշխարհի առաջնություններին: Առջեւում աշխարհի առաջնությունն է, բայց ես ըստ կանոնակարգի չեմ կարող մասնակցել աշխարհի առաջնությանը, քանի որ հանդես եմ գալիս ԱԻԲԱ-ի մենամարտերի նոր շարքում՝ APB վարկածով:  APB վարկածը խաղարկում է օլիմպիական ուղեգիր: Այս մրցափուլը կոչվում է աշխարհի առաջնություն APB վարկածով:

Ե՞րբ ես նախատեսում սիրողականից անցնել պրոֆեսիոնալ ռինգ:

Դեռեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտ մտնելու նպատակ չունեմ, քանի որ սիրողական բռնցքամարտում դեռ նպատակներիս չեմ հասել: Եթե վերջնական հաստատվի իմ Ռիո-2016-ի ուղեգիրը, սա կլինի իմ կյանքի առաջին Օլիմպիական խաղերը: Չեմ ցանկանա այս մեկ հնարավորությամբ սահմանափակվեմ, քանի որ նպատակ ունեմ հասնել մինչեւ 2020թ. Օլիմպիական խաղեր: Սա իմ ցանկությունն է, բայց չգիտեմ ԱԻԲԱ-ի APB մրցաշարի համար պայմագիրս որքան կտեւի եւ ինչպես հետագայում կդասավորվի: Ամեն դեպքում կփորձեմ Ռիո-2016-ում կյանքիս նպատակն իրականացնել: Ես երազում եմ դառնալ օլիմպիական չեմպիոն:

Արմեն, դու Ռուսաստանի հավաքականի հետ պարբերաբար մասնակցում ես Հայաստանի հավաքականի հետ համատեղ հավաքների Ծաղկաձորում: Ի՞նչ կասես Հայաստանի հավաքականի, տղաների ներուժի, հնարավորությունների մասին:

Հայաստանի հավաքականի տղաների հետ ջերմ ընկերական հարաբերություններ ունեմ: Բոլորին գիտեմ, շփվում ենք, բոլորն էլ շատ լավն են, ուժեղ, նպատակասլաց, բռնցքամարտի նվիրյալներ են: Ամեն հավաքին տեսնում եմ, թե որքան նվիրված են մարզվում, սիրում են բռնցքամարտել հայ տղաները: Ունեմ մտերիմ ընկերներ՝ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Չեմ ցանկանում որեւէ մեկին առանձնացնեմ, բոլորն էլ շատ լավն են: Հայկական բռնցքամարտի դպորցը միշտ փայլել է, միշտ եղել է լավագույններից, ուժեղագույններից մեկը: Մինչեւ հիմա ամբողջ աշխարհում հայկական ազգանունով բռնցքամարտիկ չեմպիոնները շատ են, եւ դա հայկական դպրոցի արդյունքն է: Եվ չի կարող այդ դպրոցը վատ սաներ տալ: Ներկայիս հավաքականը, թիմը ուժեղ է, տղաներն իրսկական կռվողներ են, բայց հայ տղաներն ունեն մի շատ լուրջ խնդիր. մեր տղաների նկատմամբ մշտապես կա անարդար վերաբերմունք, կողմնակալ մրցավարություն: Ուժեղ բռնցքամարտիկները, առաջատար, թիմի առաջին համարները դուրս են գալիս ռինգ եւ դառնում անարդար մրցավարության զոհ: Ես շատ անգամ եմ իմ աչքով տեսել, թե ինչպես են իմ ընկերներից միավորներ խլել, ինչպես են անարդար դատել: Շատ ենք միասին մասնակցել մրցումների, եւ միշտ Հայաստանի թիմը անարդար մրցավարության պատճառով կորցրել է մեդալներ, մրցանակային տեղեր:

Գուցե Հայաստանի թիմի տղաները թիկունք չունեն, իրենց համար այնտեղ ոչ ոք ոչինչ չի ասում մրցավարներին, ժյուրիին, ոչ ոք չի հետեւում, որ անարդարություններ չլինեն, այդ պատճառով՝ ինչպես ուզում են, հայերի հանդեպ վարվում են: Իմ անձնական կարծիքն եմ ասում. համոզված եղեք, եթե Հայաստանի հավաքականի տղաներին չխանգարեն, մրցավարների միջամտություն չլինի, կողմնակալ վերաբերմունք չլինի, նրանք ամենաբարձր արդյունքները կարող են ցույց տալ:

Ես չեմ հասկանում, թե ինչու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոչինչ չի նախաձեռնում, ոչինչ չի անում այս անարդարությունները դադարեցնելու համար, ինչու թույլ տալ, որ տաղանդավոր տղաները շարունակեն մնալ առանց մեդալների՝ կողմնակալ մրցավարության զոհ դառնալով:

Հայաստանի հետ կապդ ինչպես ես պահում: Կցանկանայի՞ր երբեւէ ներկայացնել Հայաստանը:

Հայաստանի հետ կապս մշտապես է, որքան էլ ապրում եմ եւ մարզական կարիերաս դրսում եմ կառուցում: Բայց իրականում երբեք չէի մտածել Հայաստանի դրոշի տակ հանդես գալու մասին: Իհարկե կուզենայի այն բոլոր նվաճումներին, որոնց հասնում եմ լիներ Հայաստանի համար: Գուցե եթե ապրեի Հայաստանում եւ մարզական կարիերաս կառուցեի Հայաստանում, այդպես էլ լիներ: Շատ կուզեի բոլոր նպատակներս, որոնք ունեմ սպորտում, կապված լինեին Հայաստանի հետ: Ափսոսում եմ, որ այդպես չէ: Հպարտանում եմ, երբ լսում եմ, որ հայ մարզիկը դարձել է չեմպիոն, կամ մեդալակիր է: Այդ առիթով ուզում եմ շնորհավորեմ հայերին՝ հունահռոմեական ըմբշամարտում Արթուր Ալեքսանյանի աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Դա շատ մեծ նվաճում է: Ծաղկաձորում ծանոթացել եմ նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի հետ: Փորձում եմ հնարաորինս հետեւել իմ հայրենակիցների հաջողություններին սպորտում եւ անկեղծ հպարտանում եմ մեր ուժեղ մարզիկներով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով