00:03  ,  12 սեպտեմբերի, 2015

Արթուր Ալեքսանյան. Բարդ էր երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալը

Բարդ էր երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալը: Կրկնակի ուրախ եմ կրկնակի աշխարհի չեմպիոն դառնալու համար: Այժմ մեծ ուժով կնախապատրաստվեմ Օլիմպիական խաղերին:

Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով սեպտեմբերի 11-ին Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի  հետ վերադարձավ Լաս Վեգասից, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց նվաճել աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Կրկնակի ուրախ եմ՝ կրկնակի աշխարհի չեմպիոն դառնալու համար: Ինձ համար շատ դժվար էր երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալը: Իրականում հեշտ չէ աշխարհի չեմպիոն լինելը, մասնավորապես, չեմպիոնությունը պաշտպանելը: Մարզիկից մեծ ջանքեր են պահանջվում չեմպիոն դառնալու համար, կարեւոր չէ՝ դա առաջին անգամ է, երկրորդ, թե երրորդ: Եթե մարզիկն իր առջեւ նպատակ է դնում դառնալ չեմպիոն, հասնել ոսկե մեդալի, պետք է ունենա անսահման աշխատասիրություն եւ ձգտում: Ինձ համար շատ դժվար էր երկրորդ անգամ դառնալ չեմպիոն:

Մասնավորապես, բարդ էր իմ հիմնական մրցակից, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ղասեմ Ռեզայիի հետ գոտեմարտս, անբացատրելի զգացողություն էր, երբ հասկացա, որ երկրորդ տարին անընդմեջ ես նրան հաղթում եմ: Ուրախ էի անչափ: Ինձ այնտեղ էլ հարցրեցին, թե ես ինչ զգացողություններ ունեցա, երբ հաղթեցի իմ հիմնական մրցակցին, բայց երբ գոտեմարտն ավարտվեց իմ հաղթանակով, հույզերս չկարողացա զսպել եւ կարծում եմ՝ իմ արտահայտած էմոցիաներով ամբողջ աշխարհին պարզ դարձավ, թե ես ինչ ապրումներ ունեցա, երբ հաղթեցի նրան:

Այս անգամ Ռեզայիի հետ գոտեմարտի ժամանակ մի փոքր ավելի հանգիստ էի, քան 2014թ. աշխարհի առաջնությունում, որովհետեւ արդեն մեկ անգամ ես կարողացել էի նրան հաղթել: Ճիշտ է, Ղասեմ Ռեզային շատ ուժեղ մրցակից է, իմ հիմնական լուրջ մրցակիցն, է քանի որ գործող օլիմպիական չեմպիոն է, բայց ուզում եմ նշել, որ աշխարհի առաջնությունում թույլ մրցակից չկա, այնտեղ բոլորն էլ լուրջ մրցակիցներ են:

Այժմ արդեն մեծ ուժով կնախապատրաստվեմ Օլիմպիական խաղերին՝ ուսումնամարզական հավաքներ, միջազգային մրցաշարեր, Օլիմպիական խաղերից առաջ կա Եվրոպայի առաջնություն, պետք է պատրաստվել ամբողջ ուժով. այսքանով դադար չեմ առնելու»,-ասաց կրկնակի աշխարհի չեմպիոնը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-10-ը ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը նվաճեց մեկ ոսկե մեդալ. 98 կգ քաշային կարգում 23-ամյա  Արթուր Ալեքսանյանը երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն՝ նվաճելով նաեւ 2016թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Շուշանիկ Հակոբյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով