16:46  ,  26 օգոստոսի, 2015

Անուշ Գրիգորյան. Արդյունքը հիանալի էր, ինձ հաջողվեց հասնել իմ երազանքին

Երազում եմ մեծահասակների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն դառնալ, իսկ ամենամեծ երազանքս օլիմպիական չեմպիոն տիտղոսն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հունգարիայում կայացած բռնցքամարտի կանանց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, 2014 աշխարհի երիտասարդական չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Անուշ, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Բարդ տրվե՞ց հաղթանակը:

Շնորհակալ եմ: Իսկապես բարդ էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոը նվաճել: Իրականում բոլոր մրցաշարերն էլ ինձ համար բարդ են, քանի որ յուրաքանչյուրին ես վերաբերվում եմ շատ լուրջ՝ լինի աշխարհի, Եվրոպայի առաջնություն, թե միջազգային մրցաշար: Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելը բարդ էր, հաղթանակն ինձ դժվարությամբ տրվեց, քանի որ ունեի շատ ուժեղ մրցակիցներ: Բայց արդյունքը հիանալի էր, ինձ հաջողվեց հասնել իմ երազանքին: Ես արդեն ունեի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, երազում էի նվաճել նաեւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մարզիչներիս, հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի մեծ ջանքերի ու հավատի շնորհիվ հասա երազանքիս:

Ի՞նչ նախապատրաստական փուլ էիր անցել Եվրոպայի երիտասարդական առաջնությունից առաջ: Ովքե՞ր քեզ օգնեցին հասնել հաղթանակի:

Եվրոպայի առաջնությունից առաջ մենք ունեցանք մեկ ուսումնամարզական հավաք՝ Ծաղկաձորում՝ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ: Ինձ այս հաղթանակին հասնելու համար օգնեց Դավիթ Թորոսյանի մասնագիտական մարզումները, ճիշտ խորհուրդները, երկար մարզումները, իմ անձնական մարզիչ Խաչիկ Խաչատրյանը, Մկրտիչ Կույումջյանը, ում մոտ մարզվել եմ Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին մի քանի օրերին, ինձ շատ օգնեց նաեւ մեզ Հունգարիա ուղեկցած մարզիչ Հարություն Նազարյանը: Բացի այդ ինձ ամենաշատը օգնեց բոլորի հավատը իմ նկատմամբ՝ ֆեդերացիայի նախագահի, մեր մարզիչների, իմ ընկերների՝ հավաքականի անդամների: Բացի իմ հետ աշխատող մարդկանցից, ինձ միշտ հաղթանակի ճանապարհին օգնում է իմ հավատը սեփական ուժերի նկատմամբ:

Աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն ես։ Հավատո՞ւմ էիր, որ մի օր քեզ կհաջողվի նվաճել այս երկու խոշոր տիտղոսները:

Դժվար է նվաճել եւ լինել Եվրոպայի չեմպիոն, շատ ավելի դժվար է լինել աշխարհի չեմպիոնը իմ քաշային կարգում: Անհավատալի է: Չեմ հասկանում դեռ ինձ հետ ինչ է կատարվում, ինչպես կատարվեց, սա ինձ հետ է կատարվում, թե մեկ ուրիշի: Երբ կյանքում մեծ երազանք ես ունենում եւ իրականացնում ես երազանքդ, հետո մի տեսակ դատարկություն է գալիս: Ճիշտ է՝ երջանիկ ես, բայց չես հասկանում՝ ինչ է կատարվում: Երբ Եվրոպայի չեմպիոնի մեդալը հանձնեցին ինձ, երջանկություն էր: Աննկարագրելի պահեր են դրանք:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսն էր բարդ նվաճե՞լը, թե՞ Եվրոպայինը:

Իհարկե աշխարհինը, բայց Եվրոպայինն էլ հեշտ չէր: Երբ 2014-ին դարձա աշխարհի չեմպիոն, դա իմ կյանքի առաջին ամենամեծ նվաճումն էր: Առաջինը միշտ շատ բարդ է լինում եւ անմոռանալի: Արդեն Եվրոպայի առաջնությունում դժվարությունները կրկնապատկվեցին, քանի որ ես արդեն ունեի աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ պարտվելու իրավունք ուղղակի չունեի: Պահել չեմպիոնի կոչումն ավելի բարդ է: Պետք է միշտ ապացուցել, որ դու ես առաջինը, ամենաուժեղը, պետք է կարողանաս այն պահել:  

Հիմա ավելի հանգիստ եմ ռինգ բարձրանում, քանի որ մրցաշարերի ավելի շատ եմ մասնակցել, արդեն ամեն ինչ մի փոքր ավելի հեշտ է:

Ռինգում ինչի՞ մասին ես մտածում:

Լավ մենամարտելու մասին եմ միայն մտածում: Եթե լավ ես մենամարտում, ուրեմն հաղթում ես: Չեմ մտածում մրցակցիս հետ հավասար պայքարի մեջ մտնել, չեմ մտածում՝ մրցակիցս թույլ է. բռնցքամարտում թույլ մրցակից չկա, ես թույլ մրցակից չունեմ: Չեմ սիրում թերագնահատել մրցակցիս: Նաեւ թույլ չեմ տալիս, որ պայքարը հավասար գնա, այդ պարագայում մրցավարները գուցե իմ միավորները գողանան: Եթե ռինգում հավասար պայքար է, երբեք մի հավատացեք, որ միավորների առավելությունը կտան հայ բռնցքամարտիկին: Այդպես եղավ 60 կգ քաշային Անի Հովսեփյանի հետ: Նա հավասար պայքար տարավ, բայց դուրս մնաց:

Ե՞րբ ես համալրելու մեծահասակների հավաքականը: Ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունես մեծահասակների հավաքականում:

Այս տարի այլ մրցաշար չունեմ, արդեն հաջորդ տարի կհամալրեմ մեծահասակների հավաքականը: Այստեղ արդեն երազանքներս ու նպատակներս մեծ են: Նպատակս ու երազանքս բռնցքամարտում մեկն է՝ դառնալ օլիմպիական չեմպիոն, բայց հասկանում եմ, որ դրան հասնելու համար երկար ու բարդ ճանապարհ ունեմ: Ցանկանում եմ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն դառնալ նաեւ մեծահասակաների մեջ: Իսկ երազանքիս հասնելու համար ամեն հնարավորը կանեմ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով