01:11  ,  14 օգոստոսի, 2015

Համահայկական խաղերի փակման հերոսներն ու մասնակիցները (ֆոտոշարք)

Ազատության հրապարակում հանդիսավոր արարողությամբ փակվեց Համահայկական 6-րդ խաղերը, մարվեց Խաղերի կրակը, իջեցվեց Խաղերի դրոշը, որն ի պահ տրվեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մինչեւ հաջորդ Խաղերը:

Եթե բացման արարողությանը հաջորդած համերգային ծրագիրն անցավ կիսադատարկ տրիբունաներով, փակման արարողության վերջում մասնակիցները չէին ցանկանում լքել Ազատության հրապարակը, պարում, երգում, ուրախանում էին, լուսանկարվում: Իսկական տոն էր: Համերգին մասնակցում էին բացառապես ազգային երգեր կատարող երգիչներ, որոնց կատարումներն ուղեկցվում էին ազգային պարով:

Փակման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնեց հատուկ մրցանակները:

Համահայկական խաղերի գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց  թբիլիսցի Դիանա Տումանովան, Լավագույն պատվիրակության անվանակարգի հաղթող Մոնրեալի թիմն էր, «Արդար խաղի» համար հատուկ մրցանակի արժանացավ Նիկոսիա քաղաքի թիմը, «Մարզական ոգու եւ համբերության» մրցանակակիրը դարձավ Սպահանի թիմը, իսկ «Համահայկական խաղերի հայտնություն»՝ Մուշի թիմը:

Մուշի թիմի անդամներ Սիմոն Դարոնյանը եւ Արսեն Մշեցին ուրախությունից չէին իջեցնում Մուշի դրոշը: Ամբողջ երեկոյի ընթացքում Մուշի թիմը ծածանեց դրոշը: 

«Խաղերը շատ լավ անցավ: Առաջին անգամ ենք մասնակցում Համահայկական խաղերին եւ Խաղերի օրերին առաջին անգամ ենք լինում Հայաստանում: Մենք մեզ համարում ենք մայրենիքից վերադարձած հայրենիք»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիմոն Դարոնյանը:

Արսեն Մշեցին էլ ավելացրեց. «Ճիշտ է, սպորտից այդքան էլ ուժեղ չէինք, լավ չմասնակցեցինք, բայց մեզ համար կարեւորը հաղթանակը չէր, այլ մասնակցությունը, եղբայրությունը, հայ ջահելների մեջ գտնվելը, շփում հաստատելը, ընկերներ գտնելը, հայերիս մեջ եղբայրությունն ավելի ամրապնդելը: Շատ ուրախ եմ, որ ես հնարավորություն ունեցա մասնակցել: Հուսամ հաջորդ Խաղերին էլ կմասնակցենք եւ ավելի մեծ թվով հայեր կգան Հայաստան, կդառնան այս մեծ տոնի մասնակից»:

Լավագույն պատվիրակություն անվանակարգի հաղթող Մոնրեալի թիմի անդամ Իրան Շահինյանի խոսքով, Մոնրեալի պատվիրակությունը նպատակով էր եկել Հայաստան եւ  հաջողվեց իրականացնել այն:

«Հպարտ ենք, որ ճանաչվեցինք Խաղերի լավագույն պատվիրակությունը: Մենք ուրախ ենք, որ կարողացանք լավագույնս մասնակցել, մեր մարզիկներով Մոնրեալի հայկական համայնքի պատիվը բարձր պահել, մեծ թվով հայ երիտասարդների բերել հայրենիք, Հայաստանի օդը շնչել: Համոզված եմ, որ մեր պատվիրակության անդամներից յուրաքանչյուրը լցվեց ազգային ոգով»,- ասաց Իրան Շահինյանը:

Թենիսիտուհի, Միսս Համահայկական խաղեր Դիանա Թումանովան չնայած մարզական նվաճում չունեցավ, բայց մասնակից 6350 մարզիկներից ամենաճանաչվածը դարձավ: Նրա հետ լուսանկարվելու ցանկություն էին հայտնում գրեթե բոլորը:

«Ես թենիսիստուհի եմ, Վրաստանում առաջին տեղն եմ զբաղեցրել: Ծնունդով Վրաստանից եմ, բայց հայրս եւ մայրս հայ են: Անչափ երջանիկ եմ, որ այսօր այստեղ եմ, եւ արժանացել եմ «Միսս Համահայկական խաղեր» կոչմանը: Անսպասելի էր: Թենիսի մրցաշարում լավ չխաղացի, կցանկանայի թենիսում էլ առաջին տեղը գրավել, բայց չեմ տխրում: Համահայկական խաղերը շատ ուրախ անցան, բոլորն ուրախ էի, չնայած մրցումներ էին, բայց մրցակցություն չտեսա մարզիկների մեջ: Այստեղ բոլորը կարծես մի ուժ լինեին, միասնական էին ու բոլորը հարազատ միմյանց»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դիանա Թումանովան:

Ազատության հրապարակում մարզիկները պետք է լինեիք հատուկ փակման արարողության համար նախատեսված երեք գույներով մարզահագուստով, բայց մարզիկները դրանք ուշացումով ստացան, հենց Ազատության հրապարակում, որտեղ փոխվելու հնարավորություն չկար: Մարզահագուստի հետ մարզիկներին շնորհվել են նաեւ մասնակցությունը հաստատող հավաստագրեր՝ առանց անուն-ազգանունների: Մարզիկներն իրենք պետք է հավաստագրում գրեն իրենց անունները:

Բացման արարողության ժամանակ մասնակից մարզիկների մի մասին անվանական, լուսանկարներով վկայականներ չէին տվել: Փակման արարողությունից առաջ լուսանկարով, անվանական վկայականներ չունեցող մասնակիցներին բաժանվեցին նոր վկայականներ՝ այս անգամ արդեն անվանական, բայց կրկին առանց լուսանկարների, ինչը նորից դժգոհության առիթ էր դարձել մասնակիցների շրջանում:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո. Շուշանիկ Հակոբյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով