20:24  ,  19 հունիսի, 2015

Հայ մարզիկները՝ Եվրոպական խաղերում. Նարեկ Աբգարյան

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Եվրոպական խաղերում Հայաստանի մասնակիցներին:

Նարեկ Աբգարյան, բռնցքամարտ, 52 կգ քաշային կարգ։

Ծնվել է 1992 թվականին։ Հայաստանի հավաքականի անդամ է, անձնական մարզիչն է Կարեն Աղամալյանը։ Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2008 թվականի Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր, 2012 թվականի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր։ 2013 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել է Վազգեն Սարգսյանի մեդալով։

«Ինձ համար մեծ պատասխանատվություն է, եւ նաեւ պատիվ մեր ուժը ցույց տալ Բաքվում։ Սա մեծ հնարավորություն է՝ ապացուցելու, որ թշնամու հողում կարող ենք բարձրացնել մեր երկրի դրոշը։

Սա Բաքվում մրցելու իմ երկրորդ հնարավորությունն է։ Գիտեմ եւ պատկերացնում եմ, թե որքան բարդ է լինելու, ճնշող մթնոլորտ, մի վայր, որտեղ բոլորն ցանկանալու են քեզ պարտված տեսնել, հանդիսատեսը քեզ չի քաջալերելու, քո հաղթանակով չի ուրախանալու եւ ջերմ ընդունելության չի արժանացնելու։ Պատրաստ եմ այս պայմաններում իմ հնարավորությունների չափով կռվել, պայքարել մինչեւ վերջ։ Վստահ եմ, որ մեդալ կլինի։

Իմ առջեւ նպատակ եմ դրել դառնալ չեմպիոն, մասնակցել Օլիմպիական խաղերին։ Ինձ համար իսկապես մեծ պատիվ կլինի Բաքվում հաղթելը»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Աբգարյանը։

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը ռինգ դուրս կգա հունիսի 20-ին։ Պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից։ Մրցակիցը՝ հունգարացի Կսոկա Նանդոր - լեհ Յոզվիկ Մարցեյ զույգի հաղթողն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով