21:08  ,  10 ապրիլի, 2015

Աբրահամի եւ Շտիգլիցի թիմերը համաձայնության են հասել չորրորդ մենամարտի մասին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ տիտղոսի նախկին տիրակալ Ռոբերտ Շտիգլիցը համաձայնության են հասել չորրորդ մենամարտի անցկացման մասին, հաղորդում է Boxing Scene-ը: WBO-ն նշել է, որ բռնցքամարտիկների թիմերից ստացել է այդ մասին հաղորդագրություն եւ չի անցկացնի ապրիլի 14-ին Բուդապեշտում նախատեսված պրոմոուտերական սակարկություններ: Այդ մասին հայտնել է WBO-ի չեմպիոնական մենամարտերի կոմիտեի նախագահ Լուիս Բատիստա-Սալասը:

Բռնցքամարտիկները մենամարտի համաձայնություն էին տվել փետրվարին: Դրանից հետո նրանց պրոմոուտերական թիմերը սկսել էին բանակցությունները:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինում Արթուր Աբրահամը պաշտպանեց տիտղոսը՝ երկրորդ անգամ հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին: 2012թ. օգոստոսին Աբրահամը հաղթանակ է տարել Շտիգլիցի նկատմամբ՝ նվաճելով տիտղոսը: 2013թ. մարտին Շտիգլիցը հասավ ռեւանշի, 2014թ. մարտին դարձյալ հաղթեց Աբրահամը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում