Մենք չենք բողոքի Հայաստանի հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկի դեմ: Դրանից հետո նա եկավ եւ իր արարքի համար ներողություն խնդրեց Աշոտ Դանիելյանից:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը, ով անդրադարձավ ադրբեջանցի սամբիստի խայտառակ վարքին:
Մոսկվայում տեղի ունեցած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ ոչ մարզական վարքով առանձնացել է բրոնզե մեդալ նվաճած ադրբեջանցի մարզիկը: 90 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճած արցախցի Աշոտ Դանիելյանի հաղթանակի պատվին հնչած Հայաստանի օրհներգի ժամանակ ադրբեջանցի մարզիկը կքանստել էր:
Պարոն Հայրապետյանը, ինչպե՞ս կմեկնաբանեք բրոնզե մեդալակիր ադրբեջանցի մարզիկի վարքը, բողոք ներկայացնելո՞ւ եք միջազգային ֆեդերացիային:
Բողոքարկում չի լինելու, մենք հարկ չենք համարում բողոքարկել այդ քայլը: Դա այն քայլը չէ, որ բողոքենք կամ պահանջենք տույժ տալ ադրբեջանցի մարզիկին: Իմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր մեր հաղթանակած մարզիկի վրա, մեր հիմնի վրա, դրոշի ծածանվելու վրա: Թե ինչ արեց ադրբեջանցի մարզիկը, ինձ դա բացարձակ չանհանգստացրեց: Երրորդ տեղում թուրք կամ ադրբեջանցի է եղել, ծնկի է իջել, կքանստել է, թե ինչ այլ բան է արել, ինձ շատ քիչ է հուզում: Ես ոչ քաղաքական գործիչ եմ, որ քաղաքականություն եմ տեսնում մարզիկի այդ արարքի տակ: Ես դա չեմ համարում այնքան արտառոց միջադեպ, որ մենք բողոքենք: Ես կբողոքեի այն դեպքում, եթե մեր դրոշը չբարձրանար, հիմնը չհնչեր: Եթե հնչում է հիմնը եւ բարձրանում է մեր դրոշը, դրանով արդեն ամեն ինչ ասված է:
Ադրբեջանի դեսպանի տեղակալը պարգեւատրումից հետո անմիջապես մոտեցավ ինձ եւ ներողություն խնդրեց իրենց մարզիկի այդ արարքի համար: Նա ասաց, որ անպայման աշխատանք կտանեն այդ մարզիկի հետ: Այդ պահը բոլորի ուշադրության կենտրոնում էր, բայց մեզ դա չանհանգստացրեց: Միեւնույն է, մեր հիմնը հնչում է, դրոշը բարձրանում է: Սա զուտ էթիկայի հարց է: Ադրբեջանցի մարզիկը եկավ իր արարքի համար ներողություն խնդրեց Աշոտ Դանիելյանից:
Մենք իրավունք չունենք սրել մեր հարաբերությունները: Իրենք մեզ չեն սիրում, մենք իրենց չենք սիրում, բայց պետք է չմոռանանք, որ սպորտում կան միջազգային կանոններ եւ դրա սահմաններից դուրս գալ պետք չէ: Եթե առանձին պահեր լինում են, պետք է հասկանանք, որ մի օր էլ մեր մարզիկների կողմից կարող է լինի: Եթե իրենց ղեկավարները անմիջապես հասկացան պահի տհաճությունը, չձգձգեցին եւ ներողություն խնդրեցին իրենց մարզիկի փոխարեն, նույնը արեց նաեւ մարզիկը, ուրեմն մենք մարդկային օրենքներով պետք է շարժվենք:
Որպես մարզական վարք՝ ընդունելի եք համարո՞ւմ նման քայլը:
Ինձ համար այստեղ մարզական եւ ոչ մարզական քայլ չկա: Այլ հարց է, եթե նա մեր հիմնի ժամանակ բղավեր կամ հայհոյեր: Բայց նա ոչինչ չի ասել, զուտ կքանստել է: Սպորտային կանոններ չի խախտել: Գուցե, նա այդ պահին իրեն վատ է զգացել, օրինակ, ցավեր է ունեցել: Եկեք ավելի սպորտային մոտեցում ցուցաբերենք, թշնամանք չսերմանենք մեր մարզիկների մեջ, առջեւում շատ կարեւոր ու լուրջ մրցումներ ունենք՝ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը: Շատ լուրջ պետք է պատրաստվենք:
Իսկ Աշոտ Դանիելյանն ինչպե՞ս արձագանքեց:
Աշոտ Դանիելյանն առանձնապես ուշադրություն չդարձրեց, նրան եւս միայն հետաքրքրում էր մեր հիմնի հնչելը, դրոշի բարձրանալը: Հարկ չկա այս փոքր միջադեպը դարձնել մեծ պատմություն, հարեւան երկրներ ենք: Եթե սպորտում ու մշակույթում կարողանանք լեզու գտնել, լարվածություն չստեղծել՝ ոչ պատերազմներ կլինեն, ոչ էլ լարված հարաբերություններ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում