17:06  ,  20 փետրվարի, 2024

Արտաշես Ներսիսյան․ Ես չեմ ցանկանում, որ Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտի կարիերան

Հռիփսիմե Խուրշուդյանի կարիերան դեռ ավարտված չէ:  Այս առումով դեռ ոչինչ հստակ չէ: Ես չեմ ցանկանում, որ նա ավարտի: Երբ հասկանամ, որ կարող է պայքարի մեջ լինել, նա նորից դուրս կգա մրցահարթակ: 6 տարի տանը նստած, հետո վերադարձած ու մեդալներ նվաճած մարզիկը չի կարող հենց այսպես ավարտել կարիերան: Բրոնզե մեդալը շատ քիչ է նրա համար: Նա կարող է ավելին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռումինիայից ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Հայաստանի կանանց հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում: Արտաշես Ներսիսյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու մեդալ՝ մեկ ոսկե եւ մեկ բրոնզե: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 55 կգ քաշային կարգում: 87 կգ քաշային կարգում երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի բրոնզե մեդալակիր դարձավ Հայաստանի առաջատար ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը: Մրցելույթներն ավարտելուց հետո 36-ամյա Խուրշուդյանը հանեց մարզակոշիկներն ու հեռացավ մրցահարթակից՝ ակնարկելով մարզական կարիերան ավարտելու մասին:

Պարոն Ներսիսյան, նախ՝ շնորհավորում եմ մեդալներով Եվրոպայի առաջնությունն ավարտելու կապակցությամբ: Հռիփսիմե Խուրշուդյանն ակնարկեց կարիերան ավարտելու մասին: Կարո՞ղ ենք համարել, որ նա պաշտոնապես ավարտում է:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Եկեք չշտապենք Հռիփսիմե Խուրշուդյանի կարիերան ավարտելու մասով: Նա մտածում է այդ մասին, բայց դեռ վերջնական չէ այս որոշումը: Ես ասում եմ, որպես հավաքականի մարզիչ, նրա հետ երկար տարիներ աշխատած մարզիչ:

Երեկ մրցահարթակում իրավիճակն այսպիսին էր: Հրում վարժության երրորդ մոտեցումը երբ ձախողեց, նա մտածեց, որ պայքարն ավարտում է առանց մեդալի: Այդ պահին որոշեց, որ ժամանակն է կարիերան ավարտելու:  Ես գիտեի, որ բրոնզե մեդալն արդեն ունի, բայց չէի ասում, որ չհանգստանար, գնար եւ հրեր 127 կգ: Նա ձախողեց, բայց երկամարտի բրոնզն իրենն էր: Երբ իմացավ, որ բրոնզե մեդալ է նվաճել եւ պարգեւատրվեց, հասկացավ, որ գուցե կարողանա շարունակել: Այնպես, որ դեռ պաշտոնապես Հռիփսիմեի կարիերան ավարտված չի: Եթե հասկանամ, որ նա լավ է, լավ մարզավիճակում է, կարող է, դուրս կգա մրցահարթակ: Երբ նրան փոխարինող լինի այս քաշային կարգում եւ կարողանան նրանից ավել բարձրացնել, նոր Հռիփսիմեն դուրս կգա պայքարից: Ես չեմ ցանկանում, որ նա ավարտի: Այս պահին վնասվածքներ ունի, մեջքի վնասվածք ունի, դեռ կզբաղվի դրանց բուժմամբ: Այս պահին դեռ չեմ համարում, որ նրա պայքարը մեծ սպորտում ավարտված է:

Ի՞նչ գնահատական կտաք Ձեր գլխավորած հավաքականի մրցելույթներին:

Մեդալներից գոհ եմ, բայց կիլոգրամներից՝ ոչ: Ալեքսանդրա Գրիգորյանը հրաշալի ելույթ ունեցավ: Եկավ լավագույն արդյունքն արեց եւ չեմպիոն հռչակվեց: Շատ ուրախ եմ նրա նվաճման համար, բայց կիլոգրամները դեռ քիչ են: Պետք է ավելացնենք: Նա մեկ տարվա ընթացքում 10 կգ-ից ավել բարձրացրել է: Ավելին կարող է: Իզաբելա Յայլյանը վիրահատությունից հետո չէր հասցրել լավագույն մարզավիճակ ձեռք բերեր: Լիանա Գյուրջյանը ձեռքի վիրահատությունից հետո դեռ լիարժեք չի վերադարձել, ինչ-որ բան նրան խանգարում է:

Տաթեւ Հակոբյանը մեր լավ աղջիկն է: Նա ամեն ինչ անում է, փորձում է լավագույն արդյունքները ցույց տալ: Այս թիմը դեռ իր լավագույն արդյունքները ցույց կտա:

Օլիմպիական վարկանիշների ի՞նչ հույսեր ունենք:

Այս կիլոգրամներով օլիմպիական վարկանիշ չենք կարողանա նվաճել: Շատ հավանական է, որ Փարիզ-2024-ում մասնակից չունենանք: Մեր բարձրացրած կիլոգրամները շատ քիչ են: Առնվազն նորվեգացու պես 160 կգ հրում պետք է անենք, որ գոնե հավակնենք աշխարհում լավագույն տասնյակի մեջ ընդգրկվել: Մեր կիլոգրամները շատ քիչ են եւ չենք հասցնի մինչեւ վարկանիշային մրցաշարերի ավարտը ավելացնել:

Օրինակ՝ 87 կգ քաշային կարգի մասնակիցները պայքարում են օլիմպիական  +81 կգ քաշի համար: Այսինքն այդ քաշային կարգում ուղեգրի կռիվ են տալիս 81, 87, +87 կգ քաշային կարգի ներկայացուցիչները: Այս քաշերի բոլոր լավագույն 10 ծանրորդները պետք է նվաճեն ուղեգիր, երկամարտի ամենաբարձր արդյունքները գրանցողները: Մենք շատ հեռու ենք տասնյակում ընդգրկվելու համար:

2016 թվականին Հռիփսիմե Խուրշուդյանը հրում էր 166 կգ: Այդքան պետք է կարողանանք անել, որ հավակնենք:

Ես հույսս դնում եմ 2028 թվականի Օլիմպիական խաղերի վրա, երբ մեր այս երիտասարդները կավելացնեն, կաճեն, ուղեգրեր կնվաճեն եւ նույնիսկ օլիմպիական մեդալակիրներ կդառնան: Հավատում եմ դրան:

Վերադառնալով Հռիփսիմե Խուրշուդյանին, այսինքն՝ դեռ ոչինչ հստակ չի՞:

 6 տարի տանը նստած եւ նորից մրցահարթակ վերադարձած, ուժեղագույնների պայքարում մեդալ նվաճող մարզիկը չի կարող այսպես ավարտել: Նա դեռ կարող է, ես նրան հավատում եմ: Բրոնզե մեդալը շատ քիչ է նրա համար: Երբ մարզումներին հասկանամ, որ կարող է լինել պայքարի մեջ, չեմ ասելու՝ դու գնա տանը նստի, նա կմասնակցի մրցաշարերի:

Մենք կպատրաստվենք աշխարհի առաջնությանը: Չնայած օլիմպիական տարի է, բայց մենք այս տարի ունենք աշխարհի առաջնություն: Մեր ամբողջ աշխատանքը կկենտրոնացնենք աշխարհի առաջնության վրա:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով