Հայաստանի հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցին ներողություն է խնդրել արցախցի Աշոտ Դանիելյանից

12:50   31 մարտի, 2015

Մենք չենք բողոքի Հայաստանի հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկի դեմ: Դրանից հետո նա եկավ եւ իր արարքի համար ներողություն խնդրեց Աշոտ Դանիելյանից: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը, ով անդրադարձավ ադրբեջանցի սամբիստի խայտառակ վարքին:

Մոսկվայում տեղի ունեցած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ ոչ մարզական վարքով առանձնացել է բրոնզե մեդալ նվաճած ադրբեջանցի մարզիկը: 90 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճած արցախցի Աշոտ Դանիելյանի հաղթանակի պատվին հնչած Հայաստանի օրհներգի ժամանակ ադրբեջանցի մարզիկը կքանստել էր:

Պարոն Հայրապետյանը, ինչպե՞ս կմեկնաբանեք բրոնզե մեդալակիր ադրբեջանցի մարզիկի վարքը, բողոք ներկայացնելո՞ւ եք միջազգային ֆեդերացիային:  

Բողոքարկում չի լինելու, մենք հարկ չենք համարում բողոքարկել այդ քայլը: Դա այն քայլը չէ, որ բողոքենք կամ պահանջենք տույժ տալ ադրբեջանցի մարզիկին: Իմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր մեր հաղթանակած մարզիկի վրա, մեր հիմնի վրա, դրոշի ծածանվելու վրա: Թե ինչ արեց ադրբեջանցի մարզիկը, ինձ դա բացարձակ չանհանգստացրեց: Երրորդ տեղում թուրք կամ ադրբեջանցի է եղել, ծնկի է իջել, կքանստել է, թե ինչ այլ բան է արել, ինձ շատ քիչ է հուզում: Ես ոչ քաղաքական գործիչ եմ, որ քաղաքականություն եմ տեսնում մարզիկի այդ արարքի տակ: Ես դա չեմ համարում այնքան արտառոց միջադեպ, որ մենք բողոքենք: Ես կբողոքեի այն դեպքում, եթե մեր դրոշը չբարձրանար, հիմնը չհնչեր: Եթե հնչում է հիմնը եւ բարձրանում է մեր դրոշը, դրանով արդեն ամեն ինչ ասված է:

Ադրբեջանի դեսպանի տեղակալը պարգեւատրումից հետո անմիջապես մոտեցավ ինձ եւ ներողություն խնդրեց իրենց մարզիկի այդ արարքի համար: Նա ասաց, որ անպայման աշխատանք կտանեն այդ մարզիկի հետ: Այդ պահը բոլորի ուշադրության կենտրոնում էր, բայց մեզ դա չանհանգստացրեց: Միեւնույն է, մեր հիմնը հնչում է, դրոշը բարձրանում է: Սա զուտ էթիկայի հարց  է: Ադրբեջանցի մարզիկը եկավ իր արարքի համար ներողություն խնդրեց Աշոտ Դանիելյանից:

Մենք իրավունք չունենք սրել մեր հարաբերությունները: Իրենք մեզ չեն սիրում, մենք իրենց չենք սիրում, բայց պետք է չմոռանանք, որ սպորտում կան միջազգային կանոններ եւ դրա սահմաններից  դուրս գալ պետք չէ: Եթե առանձին պահեր լինում են, պետք է հասկանանք, որ մի օր էլ մեր մարզիկների կողմից կարող է լինի: Եթե իրենց ղեկավարները անմիջապես հասկացան պահի տհաճությունը, չձգձգեցին եւ ներողություն խնդրեցին իրենց մարզիկի փոխարեն, նույնը արեց նաեւ մարզիկը, ուրեմն մենք մարդկային օրենքներով պետք է շարժվենք:

Որպես մարզական վարք՝ ընդունելի եք համարո՞ւմ նման քայլը:

Ինձ համար այստեղ մարզական եւ ոչ մարզական քայլ չկա: Այլ հարց է, եթե նա մեր հիմնի ժամանակ բղավեր կամ հայհոյեր: Բայց նա ոչինչ չի ասել, զուտ կքանստել է: Սպորտային կանոններ չի խախտել: Գուցե, նա այդ պահին իրեն վատ է զգացել, օրինակ, ցավեր է ունեցել: Եկեք ավելի սպորտային մոտեցում ցուցաբերենք, թշնամանք չսերմանենք մեր մարզիկների մեջ, առջեւում շատ կարեւոր ու լուրջ մրցումներ ունենք՝ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը: Շատ լուրջ պետք է պատրաստվենք:

Իսկ Աշոտ Դանիելյանն ինչպե՞ս արձագանքեց:

Աշոտ Դանիելյանն առանձնապես ուշադրություն չդարձրեց, նրան եւս միայն հետաքրքրում էր մեր հիմնի հնչելը, դրոշի բարձրանալը: Հարկ չկա այս փոքր միջադեպը դարձնել մեծ պատմություն, հարեւան երկրներ ենք: Եթե սպորտում ու մշակույթում կարողանանք լեզու գտնել, լարվածություն չստեղծել՝ ոչ պատերազմներ կլինեն, ոչ էլ լարված հարաբերություններ:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.