17:41  ,  16 մարտի, 2015

ԱԻԲԱ-ն մտադիր է որակազրկել Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկին

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան մտադիր է որակազրկել Հայաստանի հավաքականի անդամ,  60 կգ քաշային Սամվել Բարսեղյանին մինչեւ Ռիո-2016 Օլիմպիական խաղեր՝ զրկելով օլիմպիական ուղեգրի համար պայքարից։  Այս մասին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 7-րդ համագումարում հայտնեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը։

2015 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ը Սոֆիայում կայացած միջազգային մրցաշարում Սամվել Բարսեղյանը նվաճել էր արծաթե մեդալ, սակայն մեդալը ստանալուն պես գցել էր այն՝ որպես բողոքի նշան անարդար մրցավարության դեմ։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նամակ է ստացել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայից՝ ԱԻԲԱ-ից, որտեղ զգուշացվում է, որ հայ բռնցքամարտիկին որակազրկելու են մինչեւ Ռիո-2016 Օլիմպիական խաղեր Բուլղարիայում արծաթե մեդալը նետելու, բռնցքամարտի նկատմամբ անհարգալի վերաբերմունք ցուցաբերելու պատճառով։

Մրցաշարից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Սամվել Բարսեղյանի եզրափակիչ մենամարտում եղել էր խայտառակ մրցավարություն, որի արդյունքում ոսկե մեդալը նվիրել են մրցակցին։

ՀԲՖ 7-րդ համագումարում ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը անդրադարձավ  Սոֆիայի մրցաշարում Սամվել Բարսեղյանի պահվածքին, որակելով այն անպարկեշտություն, անարգանք բռնցքամարտի նկատմամբ։

 «Այժմ ԱԻԲԱ-ն քննարկում է Սամվել Բարսեղյանին մինչեւ Ռիո-2016 որակազրկելու հարցը։ Այն ինչ արել է Սամվել Բարսեղյանը Սոֆիայում՝ մեդալը ստանալիս, սպորտային պահվածք չէ։ Մարզիկն առաջին անգամ է մասնակցում միջազգային մրցաշարին, նման բարձր տեղ է գրավում եւ շպրտում է մեդալը։ Չի կարելի, անընդունելի եմ համարում այդ քայլը։ Կարեւոր չէ, թե ինչպիսին է եղել մրցավարությունը։ Ես պարտադրում եմ, որ յուրաքանչյուր մարզիկ իմանա իրեն ճիշտ պահելու ձեւ։ Մենք եւս կզրկենք Սամվել Բարսեղյանին բռնցքամարտում լինելու իրավունքից, եթե շարունակի նման պահվածք ցուցաբերել։ Դա իր խնդիրը չէ՝ մրցավարությունն արդար էր, թե անարդար։ Իր խնդիրն է՝ գնալ, պարգեւը ստանալ եւ հետ գալ։ Նման քայլերով մենք վարկաբեկում ենք մեզ, հայկական բռնցքամարտը»,- ասաց Արթուր Գեւորգյանը։

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը նկատողություն արեց նաեւ մարզիչներին՝մարզիկների արարքը խրախուսելու համար եւ զգուցաշրեց՝ երբեք չխրախուսել մարզիկի ոչ պարկեշտ պահվածքը եւ մրցաշարերից հետո մեկնաբանություններում չբողոքել անարդար մրցավարությունից։

«Սովորություն է դարձել՝ մրցաշարերից հետո գալ Հայաստան ու հայտարարել, թե լավ չդատեցին, արդար չէին։ Մարզիկին մի խրախուսեք, մի ասեք, թե դու լավ էիր մենամարտում, բայց անարդար դատեցին։ Լավ մենամարտեիք, լավ դատեին։ Մարզիկին պետք է իր սխալների մասին ասել՝ ավելի լավ մենամարտեիր, հնարավորություն չտայիր, որ քեզ անարդար դատեին։ Եթե դու հաղթում ես բացարձակ, քեզանից չեն կարող հաղթանակը խլել»,- նշեց Արթուր Գեւորգյանը։

Լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Գեւորգյանը մանրամասնեց, որ Սամվել Բարսեղյանի որակազրկման հարցը արդեն քննարկման փուլում է ԱԻԲԱ-ում, սակայն Հայաստանի ֆեդերացիան կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի թույլ չտա որակազրկումը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով