14:14  ,  21 փետրվարի, 2015

NEWS.am Sport-ը՝ Բեռլինից. Արթուր Աբրահամ չեմպիոնը, ով երջանիկ լինելու ուժ է տալիս հաշմանդամ աղջնակին (ֆոտոշարք)

Ո՞րն է Գերմանիայի մոգական ուժը, որ բազմաթիվ լավագույն մարզիկների համախմբում է իր երկնքի տակ: Գերմանիայի մասին խոսելիս յուրաքանչյուր հայ հիշում է Արթուր Աբրահամին, Հենրիխ Մխիթարյանին, Գերմանիայում բնակվող Լեւոն Արոնյանին:

Գերմանիան մարզական երկիր է: Այստեղ են տեղի ունենում աշխարհի բազմաթիվ լավագույն մարզական իրադարձությունները: Լավագույն ֆուտբոլային հանդիպումները այստեղ են, լավագույն մարզապալատները, ստադիոններն ու մարզական կառույցներն այստեղ են: Գերմանացիների համար իսկական տոն է նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հերթական տիտղոսային մենամարտը: Փետրվարի 21-ին Գերմանիան, Հայաստանն ու էլի շատ երկրներ մեկ անգամ եւս ականատես կլինեն մեծ սպորտի, մեծ շոուի:

Մի քանի ժամից Բեռլինի O2 World մարզապալատում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սիրահարները, մարզաշխարհի, կինոարվեստի եւ երգարվեստի աստղերը կհավաքվեն մեկ հարկի տակ՝ ականատես լինելու Արթուր Աբրահամ - Փոլ Սմիթ մենամարտին, որն ամեն անգամ շոուի է վերածվում հայ բռնցքամարտիկի հաղթանակներով:

Մեկ անգամ չի ասվել, թե ինչպես են կարողանում երկրպագել գերմանացիները մարզիկներին: Այստեղ յուրաքանչյուր տիտղոսակիր մարզիկ նույնքան մեծ աստղ է, որքան աշխարհի ամենահայտնի հոլիվուդյան դերասաններն ու երգիչ-երգչուհիները: Դրան ինքս ականատես եղա փետրվարի 20-ին «Բեռլին Մոլում» կայացած Արթուր Աբրահամի եւ Փոլ Սմիթի կշռման պաշտոնական արարողության ժամանակ:

Արարողությունից արդեն ժամեր առաջ հանրությունը հավաքվել էր: Երկրպագուները, այցելուները կենտրոնացել էին կշռման արարողության անցկացման սրահում, որտեղ ասեղ գցելու տեղ չկար: Մարդիկ հրում էի միմյանց՝ մեկ րոպե շուտ կամ առաջինը տեսնելու բռնցքամարտի աստղերին: Մի քանի հարկից բաղկացած Մոլում երկրպագուները նույնիսկ վերնահարկերն էին զբաղեցրել, որպեսզի լավ տեսանելի լիներ իրադարձությունը:

Զարմանալի էր, թե որքան մեծ կարեւորություն կարող են տալ գերմանացիները պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների կշռման արարողությանը: Երկրպագուների բանակը բաժանվել էր երկու խմբի: Հսկայական «Բեռլին Մոլում» լսվում էր երկրպագուների վանկարկումը՝ «Աբ-րա-համ», «Ար-թուր»,  «Քինգ-Արթուր»: Այս վանկարկումներին լրացնում էին Փոլ Սմիթի երկրպագուների ձայները:

Երբ հայտարարվեց Արթուր Աբրահամի անունը եւ նա բարձրացավ կռշվելու, ականջիս հասավ մի աղջնակի լացի ձայն: Մի քանի մետր ինձանից հեռու բեմահարթակի մյուս կողմում հաշմանդամի անվասայլակին աղջիկ էր նստած, նա հուզվել էր՝ Արթուրին տեսնելիս, պարզել էր ձեռքերն ու բղավում էր: Մոր հետ էր եկել: Արդեն արարողության վերջում աղջկա մայրն ինձ ասաց, որ դուստրը ուղղակի խելագարվում է Արթուրի համար, որ Արթուրն իր կուռքն է, բռնցքամարտի սիրահար է: Առողջական խնդիրների պատճառով այդպես էլ երազանք է մնացել աղջկա համար բռնցքամարտով զբաղվելը:

Արթուր Աբրահամը Գերմանիայում դարձել է սիրելի մարզիկ եւ աստղ: Առջեւում եւս մեկ փորձություն է: Սակայն բրիտանացի Սմիթի հետ մենամարտը բոլորը դիտարկում են որպես միջանկյալ իրադարձություն: Բոլորը վստահ են, որ Աբրահամը հաղթելու է եւ ամռանը տեղի կունենա գերմանացի Ֆելիքս Շտուրմի հետ սպասված դիմակայությունը:

Լուսինե Շահբազյան՝ Բեռլինից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով