17:14  ,  9 փետրվարի, 2015

Վազգեն Բադալյան. Կցանկանայի, որ մեծ տոնակատարությամբ Վիկ Դարչինյանին ճանապարհ դնեինք մեծ սպորտից

Ցանկանում եմ, բայց չեմ կարծում, որ Վիկ Դարչինյանը կկարողանա գերազանցել իր նախկին արդյունքները։ Առաջընթաց նրա մոտ չնկատեցի մեքսիկացու հետ մենամարտում. տեխնիկա, ակտիվություն, հարվածի հզորություն, արագություն, կարծում եմ, էլ չեմ տեսնի։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վիկ Դարչինյանի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը` մեկնաբանելով Մեքսիկայում փետրվարի 7-ին կայացած Վիկ Դարչինյանի հաղթական մենամարտը։

Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում երկու վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը Մեքսիկայում փետրվարի 7-ին անցկացրեց վարկանիշային մենամարտ: Երկու պարտություններից հետո Վիկ Դարչինյանը դարձյալ դուրս է եկել ռինգ եւ հաղթանակ է տարել մեքսիկացի Խուան Խիմենեսի նկատմամբ: 10 ռաունդանոց մենամարտը դադարեցվել է 9-րդ ռաունդում: Գրանցվել է տեխնիկական նոկաուտ:

Պարոն Բադալյան, երկու անընդմեջ պարտություններից հետո Ձեր սանը հաղթանակ տարավ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս մենամարտը։

Վիկ Դարչինյանը ունեցել էր երկու անհաջող մենամարտեր՝ WBA վարկածով աշխարհի չեմպիոն Նիկոլաս Ուոլթերսի հետ եւ 10 ռաունդանոց մենամարտում տեխնիկական նոկաուտով պարտվել էր երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Նոնիտո Դոնեյրին։ Այս երկու անհաջող մենամարտերից հետո բավական երկար ժամանակ՝ 2014թ. մայիսից չէր մենամարտել։ Անհաջող մենամարտերից եւ այս տեւական ժամանակից հետո շատ լուրջ մենամարտ անկցացնելը ճիշտ չէր լինի։ Իսկ այս մենամարտը միջին կարգի վարկանիշային մենամարտ էր։ Վիկին այսպիսի վարկանիշային մենամարտ պետք էր, որպեսզի հետագայում չեմպիոնական տիտղոսների համար կռվի։ Ինձ համար սա միջակ մենամարտ էր, ոչ չեմպիոնական գոտու համար։ Սա ավելի շատ նախապատրաստական, փորձնական փուլ էր Վիկի համար հետագա ծրագրված մենամարտերի համար։

Այս երկար դադարից հետո տակտիկական, տեխնիկական առաջընթաց կամ հետընթաց նկատեցի՞ք նրա մոտ։

Առաջընթացը եղել է Վիկի աստեղային ժամերին՝ 2004-2010 թվականները, երբ նա լավագույն ցուցանիշներն է արել։ Ցանկանում եմ, բայց չեմ կարծում, որ նա այլեւս կկարողանա գերազանցել իր ցուցանիշները։ Առաջընթաց նրա մոտ չնկատեցի, այնպիսի մարզավիճակ, տեխնիկա, ակտիվություն, հարվածի հզորություն, արագություն, կարծում եմ, էլ չեմ տեսնի։ Բայց վերջին պարտություններից հետո սա ավելի դրական, խաղային ոճի մենամարտ էր։ Ես նրան խորհուրդ տվեցի մենամարտից առաջ, որ ավելի սիրողական բնռցքամարտ անի, քանի որ Վիկն իր տեխնիկայով շատ բարձր է։ Երբ նա ավելի շատ պրոֆի մենամարտ է տանում՝ հարվածեմ, խփեմ, ջարդեմ, կորցնում է իր արագությունը, հարված է բաց թողնում։ Այստեղ ավելի շատ նկատեցի տարածության զգացողությունը, շատ ազատ էր իրեն զգում, ինչը Վիկին պետք էր՝ նախկին մարզավիճակը վերականգնելու համար։

Մեր նախորդ զրույցում  նշեցիք, որ տարիքն իր դերն ունի Վիկ Դարչինյանի պարտություններում։ Այս հաղթական մենամարտից հետո էլ եք այդպես կարծո՞ւմ։

Ես այս մասին ասել եմ նաեւ Վիկ Դարչինյանին երեւանյան մենամարտից հետո, որ արդեն տարիքն իր գործն անում է եւ ժամանակն է լքել ռինգը։ Նա լսեց իմ խորհուրդը, երկմտեց, հետո ասաց, որ դեռ լավ մենամարտեր է ունենալու։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտում չի լինում այդպես, որ մարզիչն ինչպես ասի, մարզիկը պետք է անի։ Պրոֆեսիոնալում ամեն ինչ այլ է՝ բռնցքամարտիկն ինքն է որոշում ինչպես անի, մենամարտի, թե թողնի։ Սա Վիկի անձնական խնդիրն է, ես միայն խորհուրդ եմ տվել նրան։ 39 տարեկանն արդեն «մեծ» թիվ է։ Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին, որ Վիկ Դարչինյանի տարիքն է պարտությունների կամ թույլ մենամարտերի պատճառը, բայց Վիկը նեղանում է այդ կարծիքից։ Ասում է՝ «ես ուզում եմ մենամարտեմ, դուք միշտ քննադատում եք ինձ։ Թողեք ես որոշեմ այս վերջին շրջանում»։ Այս պատճառով ես չեմ խոչընդոտում, չեն խանգարում, դա իր անձնական գործն է, թող ինքը որոշի։

Պարոն Բադալյան, վարկանիշային մենամարտերով Վիկ Դարչինյանը ձգտում է դեպի չեմպիոնական գոտու մենամարտին։ Ըստ Ձեզ, Վիկ Դարչինյանին կհաջողվի՞ եւս մեկ անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Մի կողմից տեսնելով Վիկի նպատակասլացությունը, այդ մեծ ցանկությունը, աշխատասիրությունը, մի քիչ հույս է տալիս, որ նրան մի օր կրկին կհաջողվի նվաճել աշխարհի չեմպիոնի գոտին։ Բայց այն որոշակի որակները, որոնք կորցրել է՝ ռեակցիան, արագությունը, այս համատեքստում նաեւ ագրեսիվությունը, գուցե նրան այլեւս չհաջողվի։ Ժամանակին Վիկը հենց գնում էր հարձակման, մրակիցները խառնվում էին իրար, արդեն գիտեին, որ շատ ուժեղ է հարվածելու, անդադար հարվածելու է։ Այս որակը, որ ուներ Վիկը,  տարիքի հետ կապված կորցրել է։ Բոլորի մոտ է այդպես։ Տարիքի հետ ամեն ինչ բարդանում է, հարվածի ուժ, արագություն, ռեակցիա։

Ես կցանկանայի, որ մեծ տոնակատարությամբ, գնահատելով՝ Վիկ Դարչինյանին ճանապարհ դնեինք մեծ սպորտից։

Բոլոր մարզիկներին պետք է առհասարակ գնահատել, ոչ թե պահով, այլ նրա անցած ուղիով։ Խոսքը միայն Վիկ Դարչինյանի մասին չէ, այլ մեր բոլոր հեղինակավոր մարզիկների։ Այդքան գոտի, հաղթանակներ, տիտղոսներ որ Վիկն է Հայաստանին նվիրել, ամենքը չեն կարող անել։ Մեր հանրությունը, լրատվամիջոցներն էլ երբեմն մոռանում են այն մեծ ձեռքբերումները որոնք համաշխարհային մեծ նշանակություն ունեն սպորտի պատմության մեջ եւ չի ջնջվելու։ Օրինակ՝ Վիկը աշխարհի բացարձակ չեմպիոն է եղել, դա հավերժական կոչում է, որը երբեք չի ջնջվելու սպորտի պատմությունից։ Չպետք է կենտրոնանանք Վիկի պարտությունների վրա։ Վիկն այժմ կռվում է իր համար, որքան գոտի, տիտղոս, կոչում կա, նա նվաճել է նախկինում։ Եվ այս ամենը պետք է գնահատել։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով