08:48  ,  10 նոյեմբերի, 2013

Վիկ Դարչինյանի ռեւանշը չկայացավ. Նոնիտո Դոները հաղթեց նոկաուտով

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը չկարողացավ 6 տարի անց ռեւանշի հասնել ֆիլիպինցի Նոնիտո Դոների նկատմամբ:

Նոյեմբերի 9-ին Տեխասում կայացած կիսաթեթեւ քաշային կարգի 10 ռաունդանոց մենամարտում երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Դոները հաղթեց տեխնիկական նոկաուտով: Մենամարտն ավարտվեց 9-րդ ռաունդում, երբ հայ բռնցքամարտիկը 2 անգամ հայտնվեց նոկդաունում: 30-ամյա ֆիլիպինցին շարունակեց հարվածների շարքը, ինչից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը: Մինչեւ այդ պահը 37-ամյա Դարչինյանն առջեւում էր հաշվի մեջ (78-74), սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը: 

Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանն ու Նոնիտո Դոները հանդիպել էին նաեւ 2007-ին, երբ աշխարհին անհայտ ֆիլիպինցին նոկաուտով սենսացիոն հաղթանակ էր տարել մինչեւ այդ պարտություն չկրած Դարչինյանի նկատմամբ:

Դարչինյանը 40-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում՝ կրելով 6-րդ պարտությունը: Մինչեւ այս 2 պարտություն կրած Դոները 32-րդ հաղթանակը տարավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում