23:58  +04,  1 մարտի, 2012

Արմեն Նազարյան. Տա Աստված չեմպիոն դառնամ Լոնդոնում՝ Բուլղարիայի ու Հայաստանի դրոշները վերցնելու եմ ու վազեմ գորգի վրա

Բուլղարիայի սպորտային հասարակությունը հիացմունքով ծանուցեց, որ ակտիվ սպորտ է վերադառնում Արմեն Նազարյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնն ու բրոնզե մեդալակիրը պատրաստվում է 5-րդ անգամ մասնակցել Օլիմպիական խաղերին: Արմեն Նազարյանի երազանքն է Լոնդոնում չեմպիոն հռչակվելուց հետո գորգում ծածանել Բուլղարիայի եւ Հայաստանի դրոշները: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Արմեն Նազարյանի հետ:

Արմեն ինչքա՞ն ժամանակ է, որ հեռացել էիր սպորտից:

Ես ակտիվ սպորտից երբեք չեմ հեռացել: Շաբաթական մեկ անգամ, կամ ամսական 2-3 անգամ միշտ էլ հաճախել եմ մարզադահլիճ ու մարզվել: Պարզապես, վեջին երկու-երեք տարիների ընթացքում մրցաշարերի չեմ մասնակցել: Հիմա արդեն նպատակ ունեմ նախ` նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր, հետո էլ մասնակցել այդ խաղերին:

Ո՞ր քաշային կարգում ես պատրաստվում հանդես գալ: Անձնական քաշի խնդիր կա՞, թե՞ ոչ:

Անձնական քաշս արդեն գցել եմ 15 կիլոգրամով, կգցեմ եւս տասը կիլոգրամ: Այդ դեպքում կդառնամ 65-66 կգ ու այս պահի դրությամբ հենց այդ քաշային կարգում եմ ցամկանում հանդես գալ: Բուլղարիան օլիմպիական ուղեգիր ունի 60 կգ քաշային կարգում, դրա համար ցանկանում եմ հանդես գալ հաջորդ քաշային կարգում: Քաշ գցելու համար հատուկ մեթոդիկա կա եւ ես հիմա հենց այդ մեթոդիկայով էլ առաջնորդվում եմ:

Հունահռոմեական ոճի ըմբիշները դեռեւս ունեն վարկանիշային երեք մրցաշար: Ո՞ր մրցաշարին ես մասնակցելու:

Առաջին մրցաշարը կայանալու է Սոֆիայում ապրիլի վերջին ու ես անպայման կմասնակցեմ: Բացի այդ, երբ էլ նվաճեմ ուղեգիրը՝ կմասնանակցեմ մյուսներին պրակտիկա ապահովելու համար: Ես աստիճանաբար բարելավում եմ մարզավիճակս: Պետք է բարելավեմ նաեւ դիմացկունությունս: Փորձն ու տեխնիկական պատրաստկանությունն էլ փառք Աստծո կա (ժպտում է): Միայն թե վնասվածք չլինի, մնացածը կկարգավորվի:

Հիմա մարզվում ես անհատակա՞ն ծրագրով:

Մարզումների մշակված ծրագիր կա, որով առաջնորդվում եմ, բացի այդ էլ մարզիչների հետ աշխատանքներ են կատարվում  վիճակս բարելավելու համար: Ինձ համար Օլիմպիական խաղերին մասնակցելը հերոսություն չէ: Ես գորգ եմ դուրս գալու միայն չեմպիոն դառնալու համար: Մյուս բոլոր արդյունքներն ինձ համար հաջողություն չեն: Ես Օլիմպիական խաղերի երկու ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ ունեմ, ինձ պետք է նվաճել եւս մեկ ոսկե մեդալ: Չեմպիոններին չեն մոռանում:

Բուլղարիայում ինչպե՞ս ընդունեցին մեծ  սպորտ վերադառնալու քո որոշումը:

Շատ մեծ ուրախությամբ: Թերթերն ու ամսագրերը, հեռուստատեսությունն անմիջապես արձագանքեցին: Ինչքան մարդ եմ ճանաչում ու չեմ էլ ճանաչում, բոլորը զանգում են ու հայտնում իրենց ուրախությունը: Բոլորն էլ իմ թիկունքին կանգնած են: Տա Աստված չեմպիոն դառնամ՝ Բուլղարիայի ու Հայաստանի դրոշները վերցնելու եմ ու վազեմ գորգի վրա, հետո կհամբուրեմ գորգն ու դուրս կգամ:

Հայաստանի ըմբիշների հետ կապերը պահպանվո՞ւմ են:

Իհարկե: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ես մրցումներին լինում եմ ու բոլորին էլ տեսնում: Հայաստանի հավաքականն այս պահին օլիմպիական մեկ ուղեգիր ունի ու դա չի համապատասխանում մեր ըմբիշների հնարավորություններին: Այս մարզաձեւում Հայաստանը ուժեղ երկրներից մեկն է համարվում եւ  կարծում եմ առնվազն օլիմպիական հինգ ուղեգիր տղաները պետք է նվաճեց: Ինձ թվում է, որ Յուրի Պատիկեեւն ու Ռոման Ամոյանը այդ առումով խնդիրներ պետք է չունենան: Արթուր Ալեքսանյանն էլ կարող է ուղեգիր նվաճել: Մի խոսքով չթվարկեմ, բայց կան էլի մարզիկներ ովքեր ի զորու են հասնել հաջողության:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ