23:58 1 մարտի, 2012Բուլղարիայի սպորտային հասարակությունը հիացմունքով ծանուցեց, որ ակտիվ սպորտ է վերադառնում Արմեն Նազարյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնն ու բրոնզե մեդալակիրը պատրաստվում է 5-րդ անգամ մասնակցել Օլիմպիական խաղերին: Արմեն Նազարյանի երազանքն է Լոնդոնում չեմպիոն հռչակվելուց հետո գորգում ծածանել Բուլղարիայի եւ Հայաստանի դրոշները: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Արմեն Նազարյանի հետ:
Արմեն ինչքա՞ն ժամանակ է, որ հեռացել էիր սպորտից:
Ես ակտիվ սպորտից երբեք չեմ հեռացել: Շաբաթական մեկ անգամ, կամ ամսական 2-3 անգամ միշտ էլ հաճախել եմ մարզադահլիճ ու մարզվել: Պարզապես, վեջին երկու-երեք տարիների ընթացքում մրցաշարերի չեմ մասնակցել: Հիմա արդեն նպատակ ունեմ նախ` նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր, հետո էլ մասնակցել այդ խաղերին:
Ո՞ր քաշային կարգում ես պատրաստվում հանդես գալ: Անձնական քաշի խնդիր կա՞, թե՞ ոչ:
Անձնական քաշս արդեն գցել եմ 15 կիլոգրամով, կգցեմ եւս տասը կիլոգրամ: Այդ դեպքում կդառնամ 65-66 կգ ու այս պահի դրությամբ հենց այդ քաշային կարգում եմ ցամկանում հանդես գալ: Բուլղարիան օլիմպիական ուղեգիր ունի 60 կգ քաշային կարգում, դրա համար ցանկանում եմ հանդես գալ հաջորդ քաշային կարգում: Քաշ գցելու համար հատուկ մեթոդիկա կա եւ ես հիմա հենց այդ մեթոդիկայով էլ առաջնորդվում եմ:
Հունահռոմեական ոճի ըմբիշները դեռեւս ունեն վարկանիշային երեք մրցաշար: Ո՞ր մրցաշարին ես մասնակցելու:
Առաջին մրցաշարը կայանալու է Սոֆիայում ապրիլի վերջին ու ես անպայման կմասնակցեմ: Բացի այդ, երբ էլ նվաճեմ ուղեգիրը՝ կմասնանակցեմ մյուսներին պրակտիկա ապահովելու համար: Ես աստիճանաբար բարելավում եմ մարզավիճակս: Պետք է բարելավեմ նաեւ դիմացկունությունս: Փորձն ու տեխնիկական պատրաստկանությունն էլ փառք Աստծո կա (ժպտում է): Միայն թե վնասվածք չլինի, մնացածը կկարգավորվի:
Հիմա մարզվում ես անհատակա՞ն ծրագրով:
Մարզումների մշակված ծրագիր կա, որով առաջնորդվում եմ, բացի այդ էլ մարզիչների հետ աշխատանքներ են կատարվում վիճակս բարելավելու համար: Ինձ համար Օլիմպիական խաղերին մասնակցելը հերոսություն չէ: Ես գորգ եմ դուրս գալու միայն չեմպիոն դառնալու համար: Մյուս բոլոր արդյունքներն ինձ համար հաջողություն չեն: Ես Օլիմպիական խաղերի երկու ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ ունեմ, ինձ պետք է նվաճել եւս մեկ ոսկե մեդալ: Չեմպիոններին չեն մոռանում:
Բուլղարիայում ինչպե՞ս ընդունեցին մեծ սպորտ վերադառնալու քո որոշումը:
Շատ մեծ ուրախությամբ: Թերթերն ու ամսագրերը, հեռուստատեսությունն անմիջապես արձագանքեցին: Ինչքան մարդ եմ ճանաչում ու չեմ էլ ճանաչում, բոլորը զանգում են ու հայտնում իրենց ուրախությունը: Բոլորն էլ իմ թիկունքին կանգնած են: Տա Աստված չեմպիոն դառնամ՝ Բուլղարիայի ու Հայաստանի դրոշները վերցնելու եմ ու վազեմ գորգի վրա, հետո կհամբուրեմ գորգն ու դուրս կգամ:
Հայաստանի ըմբիշների հետ կապերը պահպանվո՞ւմ են:
Իհարկե: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ես մրցումներին լինում եմ ու բոլորին էլ տեսնում: Հայաստանի հավաքականն այս պահին օլիմպիական մեկ ուղեգիր ունի ու դա չի համապատասխանում մեր ըմբիշների հնարավորություններին: Այս մարզաձեւում Հայաստանը ուժեղ երկրներից մեկն է համարվում եւ կարծում եմ առնվազն օլիմպիական հինգ ուղեգիր տղաները պետք է նվաճեց: Ինձ թվում է, որ Յուրի Պատիկեեւն ու Ռոման Ամոյանը այդ առումով խնդիրներ պետք է չունենան: Արթուր Ալեքսանյանն էլ կարող է ուղեգիր նվաճել: Մի խոսքով չթվարկեմ, բայց կան էլի մարզիկներ ովքեր ի զորու են հասնել հաջողության:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.