15:33  ,  27 հոկտեմբերի, 2014

Դավիթ Թորոսյան. Հավաքականում սարսափելի վիճակ էր (ֆոտո)

Այն, որ այս տարի չանցկացվեցին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ, կարծում եմ՝ մեզ համար դա ավելի շատ օգուտ էր, քան վնաս: Որովհետեւ այն թիմը, որը ես ստացա որպես ժառանգություն նախկին գլխավոր մարզիչից, թիմ չէր, սարսափելի վիճակ էր հավաքականում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռցնքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, ում գլխավորությամբ թիմն այս օրերին Երեւանում համատեղ մարզումներ էր անցկացնում Բելառուսի հավաքականի հետ:

Պարոն Թորոսյան, ո՞րն է Հայաստանի եւ Բելառուսի բռնցքամարտիկների համատեղ մարզումների նպատակը:

Նախապատրաստվում ենք առաջիկա մրցումներին: Այս մարզումն իր դրական արդյունքը կտա: Բելառուսական բռնցքամարտը առաջադեմերից մեկն է: Համատեղ մարզման առաջարկը եղել է մեր կողմից, քանի որ այս օրերին Բելառուսի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Ես դիմեցի Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչին, եւ նա համաձայնություն տվեց կազմակերպել համատեղ մարզում:

Ի՞նչ կասեք համատեղ մարզման ընթացքում մեր տղաների ցույց տված արդյունքի մասին, Դուք պարբերաբար նախատում էիք տղաներին:

Այս ամենը զուտ աշխատանքային գործընթաց է: Զայրանում եմ հաճախակի, քանի որ շատ հաճախ տղաները չեն անում այն, ինչ պետք է անեն: Նման մարզումները մեզ շատ անհրաժեշտ են, քանի որ սա ինձ հնարավորություն է տալիս հասկանալ, թե որ քաշային կարգում ինչ խնդիրներ ունենք: Ես գիտեի, որ որոշակի քաշերում մենք շատ ենք կաղում, տրադիցիոն դա մեզ մոտ այդպես է դասավորվել, որ թույլ ենք որոշ քաշերում: Ես ամեն ինչ աչքի եմ անցկացնում եւ ժամանակի ընթացքում բոլոր այդ հարցերը, խնդիրները լուծում ենք: Մեզ շատ ժամանակ է հարկավոր, որ մեր բոլորիս ուզած հավաքականն ունենանք, ստեղծենք եւ վստահ քայլենք առաջ, մասնակցենք մրզումների: Մեր առջեւ ունենք նպատակներ եւ գնում ենք այդ նպատակների հետեւից:

Դուք շատ նախատում էիք, որ մեր տղաները բռնցքամարտը կռվի են վերածում: Ինչպե՞ս եք լուծելու այդ խնդիրը, որպեսզի հայ բռնցքամարտիկներին չմեղադրեն ռինգում փողոցային կռիվ հիշեցնող պայքարի համար:

Սա բնավորություն է, հային բնորոշ գիծ: Մարզումների ընթացքում ես շատ եմ նախատում, բայց բնավորության այդ գծից մեր տղաները չեն տուժում: Տղաները շատ լավ հասկանում են, ես էլ պարբերաբար բացատրում եմ, որ բռնցքամարտը կռիվ չէ, որքան շատ են կռիվ անում ռինգում, այնքան շատ են հեռանում բռնցքամարտից:  Բայց չենք մոռանում նաեւ, որ բռնցքամարտը դա կանոնակարգված կռիվն է: Այնպես որ, ռինգ դուրս եկող յուրաքանչյուրը պետք է կռվող լինի, չվախենա կռիվ անելուց եւ պայքարելուց: Բայց այդ կռիվը չդարձնի կռիվ-ղալմաղալ:

Իսկ ի՞նչ մակարդակների վրա են գտնվում այս երկու հավաքականները՝ հայ բռնցքամարտիկնե՞րն են ավելի ուեժ, թե՞ զիջում ենք Բելառուսի հավաքականին:

Բելառուսի հավաքականն առավելություն չունի մեր նկատմամբ, չեմ ասի, թե մեր տղաները ուժով զիջում են բելառուսներին: Հավասար են այս երկու թիմերը, ռինգում հավասար պայքար է, եւ մեր բռնցքամարտիկները չեն զիջում, մեր հյուրերն էլ անպատասխան չեն թողնում ոչ մի հարված: Չեմ ցանկանում զանազանել, թե ով այսօր առավել ուժ ու պայքար ցուցաբերեց ռինգում: Սրանք ընդամենը մարզումներ են, համատեղ մարզումներ: Շատ հավանական է, որ մենք էլ հավաք անցկացնենք Բելառուսում եւ այնտեղ էլ համատեղ մարզումներ ունենանք, ինչպես այստեղ:

Պարոն Թորոսյան, այս տարի չկային Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ: Այս ընդմիջումը ինչպե՞ս կանդրադառնա մեր բռնցքամարտիկների մարզավիճակի վրա:

Այն, որ այս տարի չկայացավ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ, կարծում եմ՝ մեզ համար դա ավելի շատ օգուտ էր, քան վնաս: Որովհետեւ այն թիմը, որը ես ստացա որպես ժառանգություն նախկին գլխավոր մարզիչից, թիմ չէր, սարսափելի վիճակ էր հավաքականում: Եվ ինձ այս ժամանակը միայն անհրաժեշտ էր, որպեսզի ես կարողանամ թիմը դուրս բերեմ այդ սարսափելի վիճակից: Բոլոր առումներով, բառիս բուն իմաստով բոլոր տեսակետներից բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը գտնվում էր սարսափելի վիճակում, եւ ես մեծ, շատ մեծ աշխատանք ունեմ անելու մինչեւ թիմը հասցնեմ Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մակարդակին: Այս համատեղ մարզումը այդ քայլերից մեկն է: Կարծում եմ՝ աստիճանաբար ստացվում է: Այսքան ժամանակ է աշխատում եմ թիմի հետ, դեռեւս իմ ցանկացած 100 տոկոսից ընդամենը 7 տոկոսն եմ իրականացրել:

Լուսինե Շահբազյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով