19:33  ,  3 հոկտեմբերի, 2014

Լրագրողները 2:0 հաշվով հաղթեցին ԱԺ-ի թիմին

Լրագրողների թիմը հոկտեմբերի 3-ին «Հրազդան» ստադիոնում կայացած ֆուտբոլային խաղում 2:0 հաշվով հաղթեց Ազգային ժողովի թիմին:

Թեեւ հանդիպման առաջին խաղակեսում լրագրողներն ունեին զգալի առավելություն եւ գոլ խփելու մի քանի հնարավորություն, սակայն թիմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվով։

Միայն երկրորդ խաղակեսի միջնամասում ռադիոհաղորդավար Խորեն Թեւանյանը կարողացավ դիպուկ հարված կատարել՝ բացելով հաշիվը: Երկրորդ գնդակը լրագրողները խփեցին մի քանի րոպե անց։ NEWS.am Sport-ի խմբագիր Դավիթ Եղիազարյանի արդյունավետ փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը:

Ազգային ժողովի թիմն ակտիվացավ միայն խաղի վերջնամասում։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մոտ տարածությունից չկարողացավ գրավել դարպասը: Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով:

Խաղից հետո լրագրողների հետ զրույցում հաղթած թիմի մարզիչ, հեռուստամեկնաբան Կարեն Գիլոյանն ասաց, որ իրենք հաղթեցին տարիքային առավելության շնորհիվ:

Լրագրողների թիմի հարձակվող Դավիթ Եղիազարյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց թիմը խաղում էր առաջին համարով, իսկ պատգամավորները հիմնականում պաշտպանվում էին:

Խաղից հետո լրագրողներին եւ մարզիչին շնորհավորեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում