17:20  ,  15 սեպտեմբերի, 2014

Սամվել Գեւորգյան. Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը մեր ապագա օլիմպիական չեմպիոններն են

Պետք է կարողանանք պահպանել այս տիտղոսները եւ դրանց ավելացնել օլիմպիական ոսկին, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը:

«Ուրախության եւ հպարտության զգացում, հաճելի ու անմոռանալի պահերի ապրումներ չեն կարող չլինել, քանի որ երկար տարիներ միայն բավարարվում էինք երկրորդ-երրորդ տեղերով: Սա մեր բաղձալի երազանքներից մեկն էր, միանգամից երկու աշխարհի չեմպիոն ունեցանք: Պետք է ձգտենք, որպեսզի պահպանենք չեմպիոնական տիտղոսները եւ դրա վրա ավելացնենք Օլիմպիական խաղերի չեմպիոնական տիտղոսները: Մեր տղաներից յուրաքանչյուրն էլ աշխարհի առաջնությունում կարող էր ոսկե մեդալ նվաճել: Սպասում էինք ոսկե մեդալներ Վարշամ Բորանյանից, Ռոման Ամոյանից, դե արդեն պարզ է, որ Արթուր Ալեքսանյանից, Արսեն Ջուլֆալակյանից: Բոլորն էլ ունեին այդ հնարավորությունները: Ուղղակի, Արթուր Ալեքսանյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի օրն էր եւ նրանք հաղթեցին:

Բոլորի ուրախությանը չափ ու սահման չկար, սա մեր բոլորիս ուրախությունն է: Մեզ հետ մեզ պես ուրախացավ նաեւ օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, նրա ուրախությանն էլ չափ ու սահման չկար:

Մինչեւ դեկտեմբեր ամիս երեւի կհանգստանանք: Դեկտեմբերից նոր կսկսենք մեր հավաքները: Մենք պետք է շարունակենք այսպես մինչեւ Օլիմպիական խաղեր: Արսեն Ջուլֆալակյանին եւ Արթուր Ալեքսանյանին տեսնում եմ օլիմպիական չեմպիոնների տիտղոսով»,- ասաց Սամվել Գեւորգյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով