14:41  ,  15 սեպտեմբերի, 2014

Արսեն Ջուլֆալակյան. Չորս տարի ապրում էի հուզմունքով եւ նպատակով, որ աշխարհի ոսկին պետք է իմը լինի

Այս աշխարհի առաջնությանը ես գնացել էի բոլորին հաղթելու: Այս տարի այնպիսի մարզավիճակում էի, որ ինձ ոչինչ չէր կանգնեցի: Անչափ ուրախ եմ, որ ինձ վերջապես հաջողվեց հասնել իմ գլխավոր նպատակներից մեկին՝ աշխարհի ոսկուն, որը չորս տարի առաջ ձեռքիցս բաց թողեցի:

«Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում իր հաղթանակը  այսպես մեկնաբանեց հունահռոմեական ըմբշամարտի 75 կգ քաշային կարգի աշխարհի նորընծա չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:

«2010թ. Մոսկվայի աշխարհի առաջնությունից մինչ օրս հուզվում էի շատ, որ ձեռքիցս բաց թողեցի այն ժամանակ աշխարհի ոսկին: Հուզմունքս այնքան մեծ էր, որ մի փոքր էլ եւ արդեն լաց կլինեի: Չորս տարի ապրում էի այդ հուզմունքով եւ այն նպատակով, որ աշխարհի ոսկին պետք է իմը լինի: Չորս տարի չէր ստացվում այդ նպատակս իրականացնել: Եվ վերջապես չորս տարի անց արդեն լիարժեք կենտրոնացած, սխալները հաշվի առած եւ վերացրած, եւ նաեւ ամենաբարձրյալի օգնությամբ չորս տարի անց իրականացավ իմ նպատակը: Չեմ կարող ասել թե ինչ զգացողություններ եմ ապրել: Հիասքանչ էր: Միշտ ասում եմ, այն ինչ զգում է մարզիկը պատվո հարթակին կանգնած, մարդ պետք է անձամբ ապրի այդ ամենը եւ փորձի պատմել: Իսկ ճիշտ նկարագրելու համար առնվազն պետք է բանաստեղծ լինես, որ բառերով կարողանաս ներկայացնել: Այս սպորտի մեջ գտնվողները թող ապրեն այդ պահերը, դա անմոռանալի է: Դա այն ակնթարթներից է, որ ցանկանում ես չդադարի եւ անընդհատ շարունակվի: Պետք է կարողանանք այնպես անել, որ տարին մեկ անգամ գոնե կրկնենք այս ակնկթարթները, վերապրենք աշխարհի չեմպիոն ունենալու բաղձալի պահերը»,- ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Ռոման Ամոյանի մրցելույթի մասին աշխարհի չեմպիոնն ասաց.

«Ռոման Ամոյանը մեդալի ռեալ հավակնորդ էր: Նա պարտեր դիրքում երկու անգամ շտապեց, իսկ դա հասկանալի էր, քանի որ կարեւոր գոտեմարտ էր: Իսկ երկու անգամ շտապելու դեպքում մեկ միավոր զիջում ես մրցակցիդ: Կարող էին Ռոմանին թույլ տալ երրորդ մոտեցումն անել, բայց չմոռանանք, որ մեր մրցակիցը Ռուսաստանն էր, եւ ռուսները նման վրիպումներ մեր հավաքականին երբեք չէին ների: Ռոման Ամոյանը մեդալի գլխավոր հավակնորդներից էր եւ վտանգավոր հակառակորդներից, եւ հնարավորության դեպքում ոչ միայն Ռոման Ամոյանին, այլեւ բոլորիս հնարավորությունը բաց չեն թողնում շփոթեցնելու, վրիպումները հաշվելու եւ նման վրիպումները հաշվի առնելու, քանի որ նման վրիպում կարող է այլեւս չլինել: Իսկ մեր հավաքականը հնարավորինս անսխալ պետք է գոտեմարտի, որպեսզի հաղթանակին հասնելու համար ոչինչ չխանգարի:

Թիմային հաշվարկում 5-րդ  տեղը զբաղեցրինք: Ցավոք, 71 կգ Վարշամ Բորանյանը վնասվածքի պատճառով զրկվեց մեդալի համար պայքարից, իսկ նա պետք է ոսկու համար արդեն պայքարեր: Պետք է տեսնեիք, թե ինչ ցավալի պահ էր, Վարշամը նպատակասլաց գնում էր ոսկու հետեւից: Վարշամը ոտքի մկանի կտրվածք է ստացել ու այդ պատճառով մեդալներից ոչ մեկը ցավոք սրտի չստացվեց: Ափսոսում եմ նրա համար: Եթե Վարշամն էլ կարողանար եզրափակիչ դուրս գալ մենք թիմային հաշվարկում ավելի առաջ կլինեինք»:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոման  Վլասովի պայքարից դուրս մնալու մասին էլ նշեց.

«Ինձ առհասարակ չէր հետաքրքրում, թե ում եմ հանդիպելու ամբողջ մրցաշարի ընթացքում, քանի որ դա միայն խանգարում է ինձ: Այդպես մի անգամ ինձ հետ պատահել է, ես անցյալ տարի եկել էի մրցման՝ Ռոման Վլասովին հաղթելու: Իսկ երբ կենտրոնանում ես մեկ մարզիկի վրա, լիարժեք հնարավորություն չես ունենում ուժերդ ու հնարավորություններդ լիարժեք օգտագործելու: Իսկ այս անգամ ես գնացել էի բոլորի հետ մրցելու եւ այնպիսի մարզավիճակում էի, որ ինձ ոչ ոք չէր կանգնեցնի: Չեմ կարծում, թե եզրափակիչում ինձ չպարտվելու համար Վլասովը ժամանակից շուտ ավարտեց իր ելույթը աշխարհի առաջնությունում: Այդ կարգի մարզիկները երբեք չեն վախենում նոր մարտահրավերից: Իմ մտքի ծայրով երբեք չի անցնի, որ տեսնեմ՝ ով է հաջորդ հակառակորդը, եւ նախորդը պարտվեմ, որ այդ մեկի հետ չհանդիպեմ գորգում: Դա ուղղակի թուլամորթություն է:

Ուրախ եմ, որ գնահատված է իմ աշխատանքը հայրենիքում: Շատ հաճելի է տեսնել, թե ինչպես են քեզ դիմավորում, այստեղ նկատեցի իմ նկարով շապիկներով երկրպագուները. Սա ուրախացնում է, ոգեւորում է, մոտիվացնում է մարզիկին: Հասկանում ես, որ քո արած գործը սիրվում եւ գնահատվում է: Իսկ դա ամենակարեւորն է: Սա կնպաստի նոր սերնդի գալուն: Այսինքն դու նպաստում ես առողջ եւ ճիշտ ուղու վրա կանգնած նոր սերնդի առաջացմանը եւ դաստիարակությանը: Դրանից լավ բան չկա»,- ասաց  Արսեն Ջուլֆալակյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով