20:51  ,  11 սեպտեմբերի, 2014

Ո՞վ է Կարինե Շադոյանը՝ Հայաստանի միակ ներկայացուցիչը կանանց ըմբշամարտում

Կանանց ըմբշամարտում Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ՝ Կարինե Շադոյան: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչը պարտվեց մեկնարկային գոտեմարտում: NEWS.am Sport-ի թղթակիցը Տաշքենդում զրուցել է Կարինե Շադոյանի հետ:

Կարինե, քո մասին գրեթե ոչինչ չգիտենք, թեեւ ներկայացնում ես Հայաստանը: Պատմիր քո մասին:

Ես ինքս Կիսլոսլովոդսկից եմ, հայրս հայ, մայրս՝ ռուս: Տատիկիս ընտանիքը մի ժամանակ ապրել է  Երեւանում: Այժմ բնակվում եմ Ստավրոպոլում:

Ինչո՞ւ ընտրեցիր ըմբշամարտը:

Փոքր տարիքում ես զբաղվում էի աթլետիկայով: Այն ժամանակ ինձ մարզիչս նկատեց, հրավիրեց մարզադահլիճ: Երբ առաջին անգամ գնացի, այնտեղ մարզվում էին մեր հարեւան տղաները, ես նրանց հետ կռվեցի եւ այլեւս մարզադահլիճ չգնացի: Յոթ տարի անց,  22 տարեկանում սկսեցի զբաղվել ըմբշամարտով:

Իմ  ընկերներից շատերը ըմբիշներ էին եւ նրանց շնորհիվ ես համալրեցի նրանց շարքեը:  Այնպես ստացվեց, որ նրանցից շատերը դարձան օլիմպիական չեմպիոններ՝ Հաջիմուրադ Մուհամեդով, Դավիդ Մուսուլբես,  Բուվայսար Սայտիեւ: Այն ժամանակ նրանք դեռ ոչ ոք էին: Ամենասկզբում մարզվում էի Ռուսաստանի ազգային հավաքականի տղաների թիմի հետ: 

Կարինե, ի՞նչ է քեզ տալիս այս սպորտաձեւը:

Ըմբշամարտն իմ ապրելակերպն է: Ես պատկառելի տարիք ունեմ սպորտով զբաղվելու համար. արդեն 39 տարեկան եմ, բայց երբ մեկնեցի հավաքների՝ հասկացա, որ ես իրոք ցանկանում եմ դեռ մարզվել, գոտեմարտել:  Ես կյանքում էլ մարտիկ եմ, միշտ ձգտում եմ հասնել իմ նպատակներին, առաջ գնալ:

Հասկանում էի, որ այս առաջնությունում ես շանսեր չունեմ, իմ ֆիզիկական տվյալները զիջում են շատերին, մի կողմից էլ վնասվածքներս, բայց սա ինձ անհրաժեշտ էր:

Ես հպարտությամբ եմ ներկայացնում Հայաստանը: Հետաքրքիրն այստեղ այն է, որ վատ հանդես գալուց ոչինչ չի լինի, իսկ եթե լավ արդյունք ունենաս, մեծ քայլ կլինի Հայաստանի կանանց ըմբշամարտի զարգացման համար:

Սովորաբար մարզիկները հիասթափվում են սպորտից, երբ երկար ժամանակ մնում են առանց մեդալների: Քեզ ի՞նչն է պահում այս ոլորտում:

Շատերը զարմանում են, որ այսքան պարտություններից հետո դեռ շարունակում եմ մարզվել, անգամ շարունակում եմ ժպտալ պարտություններից հետո:

Հարցնում են, թե ինչիս է պետք սա, սակայն ես չեմ կարող բոլորին բացատրել ներսիս եղածը: Այո, ինձ համար շատ բարդ է, դժվար է այսքանի միջով անցնել, բայց ես անում եմ այն, ինչ իսկապես սիրում եմ: Աստված տալիս է հնարավորություն այն մարդկանց, ովքեր աշխատում են, ձգտում են, իսկ ես շարունակելու եմ աշխատել, կաշվիցս դուրս եմ գալու:

Այն տարիքում, երբ կարող էի շատ բանի հասնել, ես ոչ պիտանի բաներով էի զբաղված: Հիմա փորձում եմ հետ բերել կորցրածս: Բացի այդ ես զբաղվում եմ յոգայով: Երեւի հենց յոգան էլ ինձ օգնում է է  շատ հարցերի պատասխաններ գտնել:

Իսկ քո մարզումների եւ ելույթների ֆինանսավորո՞ւմը:

Վերջին տարին ես անգամ հովանավոր չունեմ, ինձ օգնում են իմ ընկերները, հատկացնում են  աշխատավարձ: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Վարդերես Սամուրգաշեւին, ով ինձ միշտ աջակցում է: Նա մարզաբազա ունի Անապայում: Երբ զանգեցի եւ խնդրեցի զեղչ անել հավաքներիս համար, նա ինձ ամեն ինչ անվճար տրամադրեց: Ես ինձ բախտավոր մարդ եմ համարում, Աստված ինձ վերեւից ամեն հնարավորություն տալիս է:

Բացի ըմբշամարտից էլ ինչո՞վ ես զբաղվում:

Ես Ստավրոպոլի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրենն եմ:  Մեծ սիրով աղջիկների ըմբշամարտը կզարգացնեի նաեւ Հայաստանում (ծիծաղում է):

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով