22:08  ,  26 հուլիսի, 2014

Օլիմպիական չեմպիոն. Այցելության առաջին օրից որոշել էի, որ պետք է համտեսեմ հայկական խորովածը

Անցկացրեցինք հրաշալի մրցութային օրեր, Հայաստանում կազմակերպված էին միջազգային մրցաշարերին համապատասխան մրցումներ: Այստեղ ամեն ինչ շատ համեղ է: Հաճելի էր գտնվել ձեր երկրում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պեկինի Օլիմպիական խաղերի նետաձգության չեմպիոն, Հայաստանում կայացած Եվրոպայի առաջնությունում 9-րդ տեղը զբաղեցրած ուկրաինացի Վիկտոր Ռուբանը:

«Հայաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունը շատ բարդ էր, կային ուժեղ մրցակիցներ: Մեր թիմը շատ լավ էր նախապատրաստվել: Նախքան Եվրոպայի առաջնությունն անցկացրել էինք հավաք ծանր ծրագրով: Բավական մեծ աշխատանք էինք կատարել եւ մեզանից յուրաքանչյուրը գտնվում էր շատ լավ մարզավիճակում: Բայց սպորտում ամեն ինչ անկանխատեսելի է, բախտը մեզ չժպտաց եւ մենք առանց արդյունքի ենք վերադառնում Ուկրաինա: Ես մրցաշարի սկզբում ուժեղ մրցակից էի տեսնում Ֆրանսիային, Իտալիային, Գերմանիային, Անգլիային ու Հոլանդիային: Ստացվում է, որ կանխատեսումներս իրականություն դարձան:

Պեկինում օլիմպիական չեմպիոն եմ դարձել անհատական մրցաձեւում: Հույս ունեի, որ մրցանակային տեղ կզբաղեցնեմ նաեւ Եվրոպայի առաջնությունում: Անցկացրեցինք հրաշալի մրցութային օրեր, Հայաստանում կազմակերպված էին միջազգային մրցաշարերին համապատասխան մրցումներ: Առաջին անգամ էի ձեր երկրում: Ինձ շատ դուր եկավ Հայաստանը` ամեն ինչ շատ հետաքրքիր է ու գեղեցիկ: Հյուրընկալ են բոլորը` մարզիկներից մինչեւ հասարակ քաղաքացիներ: Փորձեցի ձեր ավանդական ու այդքան մեծ համբավ ձեռք բերած հայկական խորովածը: Այցելության առաջին օրից որոշել էի, որ պետք է համտեսեմ հայկական խորովածը, որպեսզի հասկանամ, թե ինչու են բոլորն այդքան խոսում դրա մասին: Այստեղ նույնիսկ ամեն ինչ շատ համեղ է: Հաճելի էր գտնվել ձեր երկրում:

Ես շատ տպավորված եմ հայ նետաձիգներով: Բոլորը երիտասարդ ու հեռանկարային մարզիկներ են, միայն թե նրանք սկսնակ են եւ, տեսնելով նրանց ներուժը, համոզված եմ, որ դեռ մեծ արդյունքների կհասնեն միջազգային ասպարեզում»,- ասաց օլիմպիական չեմպիոնը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով