22:08 26 հուլիսի, 2014Անցկացրեցինք հրաշալի մրցութային օրեր, Հայաստանում կազմակերպված էին միջազգային մրցաշարերին համապատասխան մրցումներ: Այստեղ ամեն ինչ շատ համեղ է: Հաճելի էր գտնվել ձեր երկրում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պեկինի Օլիմպիական խաղերի նետաձգության չեմպիոն, Հայաստանում կայացած Եվրոպայի առաջնությունում 9-րդ տեղը զբաղեցրած ուկրաինացի Վիկտոր Ռուբանը:
«Հայաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունը շատ բարդ էր, կային ուժեղ մրցակիցներ: Մեր թիմը շատ լավ էր նախապատրաստվել: Նախքան Եվրոպայի առաջնությունն անցկացրել էինք հավաք ծանր ծրագրով: Բավական մեծ աշխատանք էինք կատարել եւ մեզանից յուրաքանչյուրը գտնվում էր շատ լավ մարզավիճակում: Բայց սպորտում ամեն ինչ անկանխատեսելի է, բախտը մեզ չժպտաց եւ մենք առանց արդյունքի ենք վերադառնում Ուկրաինա: Ես մրցաշարի սկզբում ուժեղ մրցակից էի տեսնում Ֆրանսիային, Իտալիային, Գերմանիային, Անգլիային ու Հոլանդիային: Ստացվում է, որ կանխատեսումներս իրականություն դարձան:
Պեկինում օլիմպիական չեմպիոն եմ դարձել անհատական մրցաձեւում: Հույս ունեի, որ մրցանակային տեղ կզբաղեցնեմ նաեւ Եվրոպայի առաջնությունում: Անցկացրեցինք հրաշալի մրցութային օրեր, Հայաստանում կազմակերպված էին միջազգային մրցաշարերին համապատասխան մրցումներ: Առաջին անգամ էի ձեր երկրում: Ինձ շատ դուր եկավ Հայաստանը` ամեն ինչ շատ հետաքրքիր է ու գեղեցիկ: Հյուրընկալ են բոլորը` մարզիկներից մինչեւ հասարակ քաղաքացիներ: Փորձեցի ձեր ավանդական ու այդքան մեծ համբավ ձեռք բերած հայկական խորովածը: Այցելության առաջին օրից որոշել էի, որ պետք է համտեսեմ հայկական խորովածը, որպեսզի հասկանամ, թե ինչու են բոլորն այդքան խոսում դրա մասին: Այստեղ նույնիսկ ամեն ինչ շատ համեղ է: Հաճելի էր գտնվել ձեր երկրում:
Ես շատ տպավորված եմ հայ նետաձիգներով: Բոլորը երիտասարդ ու հեռանկարային մարզիկներ են, միայն թե նրանք սկսնակ են եւ, տեսնելով նրանց ներուժը, համոզված եմ, որ դեռ մեծ արդյունքների կհասնեն միջազգային ասպարեզում»,- ասաց օլիմպիական չեմպիոնը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.