21:26  ,  26 հուլիսի, 2014

Աշխարհի կրկնակի չեմպիոն. Հայաստանում միակ անհարմարությունը շոգ եղանակն էր

Նետաձգությունն իմ աշխարհն ու ապրելակերպն է: Շատ էի ցանկանում Հայաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում էլ դառնալ չեմպիոն, բայց գրավեցի 17-րդ տեղը: Ամեն ինչ հրաշալի անցավ Հայաստանում: Ամեն ինչ կազմակերպված էր շատ բարձր մակարդակով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց նետաձգության կրկնակի աշխարհի չեմպիոն, Հայաստանում ավարտված Եվրոպայի առաջնության ոչ օլիմպիական աղեղների մրցաշարում 17-րդ տեղը գրաված ռուս Ալբինա Լոգինովան:

«Առաջին անգամ էի Հայաստանում: Այստեղ ամեն ինչ շատ լավ էր` ջերմ ընդունելություն, ժպիտով մարդիկ, մրցավայրում ամեն ինչ շատ գոհացնող էր: Հայաստանում կազմակերպված Եվրոպայի առաջնությունը շատ դուր եկավ ինձ: Ամեն ինչ բարձր մակարդակով էր, ամեն ինչ հրաշալի էր: Եկել էի Հայաստան առաջին տեղը զբաղեցնելու նպատակով, բայց գրավեցի 17-րդ տեղը: Իմ լավագույն արդյունքները եղել են 2009-ին Կորեայում ու 2011-ին Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունների ոսկե մեդալներն ու 2007-ին Գերմանիայում նվաճած արծաթը: Այս Եվրոպայի առաջնությունում ակնկալիքս միայն ոսկե մեդալն էր: Չեմ զղջում, քանի որ մեր թիմը թիմային հաշվարկում առաջինն է, իսկ կանանց պայքարում երկու ոսկե մեդալով ենք վերադառնում հայրենիք: Մեր` կանանց թիմն իսկապես շատ ուժեղ էր: Վստահ եմ, որ բոլորի համար ուժեղ մրցակից էինք:

Հայաստանի մասին տպավորություններս աննկարագրելի են: Այստեղ միակ անհարմարությունը շոգ եղանակն էր: Շոգը ոմանց համար նույնիսկ խոչընդոտ էր մրցումների ժամանակ: Ինձ համար էլ էր շատ շոգ»,- զրույցում ասաց կրկնակի աշխարհի չեմպիոն Ալբինա Լոգինովան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով