19:35  ,  21 հուլիսի, 2014

Գաբրիել Ղազարյան. Հայաստանում մրցաշարերը կազմակերպվել եւ ընթացել են բարձր մակարդակով (ֆոտո)

«Հայաստանում արդեն մի քանի անգամ է անց են կացվում նետաձգության եվրոպական մրցաշարեր` գավաթի առաջնություններ, ինչպես նաեւ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Բոլոր մրցաշարերն էլ կազմակերպվել եւ ընթացել են բարձր մակարդակով: Հայաստանը հյուրընկալ երկիր է, եւ մենք ուրախ ենք ընդունել առաջնության ավելի քան 370 պատվիրակներին` մարզիկներին, մարզիչներին, պատվիրակությունների մյուս անդամներին: Նետաձգության Եվրոպայի առաջնության մասնակից մարզիկներին մաղթում եմ մարզական հաջողություններ, իսկ մարզասերներին` դիտարժան պահեր»:

Այս մասին իր ողջունի խոսքում հուլիսի 21-ին Էջմիածին քաղաքում կայացած նետաձգության Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Հուլիսի 21-27-ը Էջմիածնում կկայանա նետաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնություն, որին մասնակցում են շուրջ 370 մարզիկներ 39 երկրից, այդ թվում՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից: Հուլիսի 21-ին կայացավ Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը: Բացման արարողությանը ներկա էր ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ կառավարության ներկայացուցիչներ: Հայաստանում Եվրոպայի առաջնության մեկնարկը հայտարարելու համար Հայաստան է ժամանել Նետաձգության համաշխարհային ֆեդերացիայի նախագահ թուրք Ուղուր Էրդեները: Նա իր ողջույնի խոսքում մասնավորապես կարեւորեց Հայաստանի եւ Հայաստանի նետաձգության հետ սերտ հարաբերությունները, հաջող համագործակցությունը: 

«Շատ ուրախ եմ, որ հենց Հայաստանում է անցկացվելու այս լրջագույն մարզական իրադարձությունը: Սա կարեւոր մրցություն է մասնակից յուրաքանչյուր նետաձիգի համար: Արդեն ականատես ենք եղել, թե ինչպես է Հայաստանը ստանձնում լրջագույն մրցաշարեր անցկացնելուն եւ համոզված ենք, որ նույնությամբ կանցկացվի նաեւ նետաձգության Եվրոպայի առաջնությունը: Բոլոր մարզիկներին մաղթում եմ հաջողություն, թող Եվրոպայի առաջնությունում հաղթեն ուժեղագույնները»,- ասաց Ուղուր Էրդեները:

ՀՀ Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը եւս վստահություն հայտնեց Հայաստանում բարձր մակարդակով Եվրոպայի առաջնություն անցկացնելու կապակացությամբ: 

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի մարզիկներ, մարզիչներ, տիկնայք եւ պարոնայք, հյուրեր ողջունում եմ ձեզ նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու կապակցությամբ: Պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն մի քանի անգամ անց են կացվում նետաձգության եվրոպական մրցաշարեր` գավաթի առաջնություններ, ինչպես նաև Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Բոլոր մրցաշարերն էլ կազմակերպվել եւ ընթացել են բարձր մակարդակով` մասնակիցների համար ապահովելով հավասար պայմաններ` հաջող մրցելույթներ ունենալու եւ իրենց մարզական հնարավորություններն առավելագույնս դրսեւորելու համար: Մեկ անգամ եւս հպարտությամբ կփաստեմ, որ Հայաստանը հյուրընկալ երկիր է, եւ մենք ուրախ ենք ընդունել առաջնության ավելի քան 370 պատվիրակներին` մարզիկներին, մարզիչներին, պատվիրակությունների մյուս անդամներին: Վստահ եմ, որ նրանք բոլորն էլ հայկական հյուրընկալ հողում իրենց հարմարավետ են զգում: Մեծարգո պարոն նախագահ, հարգելի ներկաներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս առաջնության մեկնարկի առիթով, մարզիկներին մաղթում եմ մարզական հաջողություններ, իսկ մարզասերներին` դիտարժան պահեր»։

Լուսինե Շահբազյան

(Ֆոտո՝ Արսեն Սարգսյան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով