19:35 21 հուլիսի, 2014«Հայաստանում արդեն մի քանի անգամ է անց են կացվում նետաձգության եվրոպական մրցաշարեր` գավաթի առաջնություններ, ինչպես նաեւ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Բոլոր մրցաշարերն էլ կազմակերպվել եւ ընթացել են բարձր մակարդակով: Հայաստանը հյուրընկալ երկիր է, եւ մենք ուրախ ենք ընդունել առաջնության ավելի քան 370 պատվիրակներին` մարզիկներին, մարզիչներին, պատվիրակությունների մյուս անդամներին: Նետաձգության Եվրոպայի առաջնության մասնակից մարզիկներին մաղթում եմ մարզական հաջողություններ, իսկ մարզասերներին` դիտարժան պահեր»:
Այս մասին իր ողջունի խոսքում հուլիսի 21-ին Էջմիածին քաղաքում կայացած նետաձգության Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Հուլիսի 21-27-ը Էջմիածնում կկայանա նետաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնություն, որին մասնակցում են շուրջ 370 մարզիկներ 39 երկրից, այդ թվում՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից: Հուլիսի 21-ին կայացավ Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը: Բացման արարողությանը ներկա էր ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ կառավարության ներկայացուցիչներ: Հայաստանում Եվրոպայի առաջնության մեկնարկը հայտարարելու համար Հայաստան է ժամանել Նետաձգության համաշխարհային ֆեդերացիայի նախագահ թուրք Ուղուր Էրդեները: Նա իր ողջույնի խոսքում մասնավորապես կարեւորեց Հայաստանի եւ Հայաստանի նետաձգության հետ սերտ հարաբերությունները, հաջող համագործակցությունը:
«Շատ ուրախ եմ, որ հենց Հայաստանում է անցկացվելու այս լրջագույն մարզական իրադարձությունը: Սա կարեւոր մրցություն է մասնակից յուրաքանչյուր նետաձիգի համար: Արդեն ականատես ենք եղել, թե ինչպես է Հայաստանը ստանձնում լրջագույն մրցաշարեր անցկացնելուն եւ համոզված ենք, որ նույնությամբ կանցկացվի նաեւ նետաձգության Եվրոպայի առաջնությունը: Բոլոր մարզիկներին մաղթում եմ հաջողություն, թող Եվրոպայի առաջնությունում հաղթեն ուժեղագույնները»,- ասաց Ուղուր Էրդեները:
ՀՀ Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը եւս վստահություն հայտնեց Հայաստանում բարձր մակարդակով Եվրոպայի առաջնություն անցկացնելու կապակացությամբ:
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի մարզիկներ, մարզիչներ, տիկնայք եւ պարոնայք, հյուրեր ողջունում եմ ձեզ նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու կապակցությամբ: Պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն մի քանի անգամ անց են կացվում նետաձգության եվրոպական մրցաշարեր` գավաթի առաջնություններ, ինչպես նաև Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Բոլոր մրցաշարերն էլ կազմակերպվել եւ ընթացել են բարձր մակարդակով` մասնակիցների համար ապահովելով հավասար պայմաններ` հաջող մրցելույթներ ունենալու եւ իրենց մարզական հնարավորություններն առավելագույնս դրսեւորելու համար: Մեկ անգամ եւս հպարտությամբ կփաստեմ, որ Հայաստանը հյուրընկալ երկիր է, եւ մենք ուրախ ենք ընդունել առաջնության ավելի քան 370 պատվիրակներին` մարզիկներին, մարզիչներին, պատվիրակությունների մյուս անդամներին: Վստահ եմ, որ նրանք բոլորն էլ հայկական հյուրընկալ հողում իրենց հարմարավետ են զգում: Մեծարգո պարոն նախագահ, հարգելի ներկաներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս առաջնության մեկնարկի առիթով, մարզիկներին մաղթում եմ մարզական հաջողություններ, իսկ մարզասերներին` դիտարժան պահեր»։
Լուսինե Շահբազյան
(Ֆոտո՝ Արսեն Սարգսյան)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.