19:02  ,  21 հուլիսի, 2014

Էջմիածնում մեկնարկեց նետաձգության Եվրոպայի առաջնությունը (ֆոտո)

Էջմիածին քաղաքի «Արա եւ Այծեմնիկ» ձիասպորտի ակումբում հուլիսի 21-ին մեկնարկեց նետաձգության Եվրոպայի առաջնությունը: 

Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 372 մարզիկ 39 երկրից, այդ թվում՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից: Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, Նետաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը։ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հուլիսի 21-ից 26-ը: Մարզիկների թվում են Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ: Բացման արարողությունը մեկնարկեց մասնակից երկրների մարզիկների հանդիսավոր շքերթով, որը եզրափակվեց Հայաստանի հավաքականը:

Եվրոպայի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Մարիո Սկարցելան իր ողջույնի խոսքում ասաց. 

«Ուրախ եմ, որ Եվրոպայի նետաձգության 21-րդ առաջնությունը անցկացվում է Հայաստանում, որն արդեն հաջողությամբ հյուրընկալել է Եվրոպայի Գրան Պրին եւ Եվրոպայի պատանեկան Գավաթը: Վստահ եմ, որ նախորդ  առաջնությունների կազմակերպչական փորձից ելնելով, փայլուն կանցկացվի Եվրոպայի նետաձգության այս կարեւորագույն միջոցառումը: Անկեղծ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանին՝ ջերմ ընդունելության համար: 

2014 թվականի Եվրոպայի առաջնությունը կարեւոր նշանակություն ունի բոլոր մարզիկների համար, քանի որ վարկանիշային է Եվրոպական խաղերից առաջ: Բացի այդ, այս առաջնությունը լավ փորձություն է եվրոպական մի շարք պատվիրակությունների համար, որոնք վարկանիշային միավորներ են հավաքում 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Վստահ եմ, որ այստեղ ականատես կլինենք բարձր մակարդակով կազմակերպված հրաշալի մրցումների: Եվ վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան կազմակերպություններին այս միջազգային խոշոր միջոցառումը հյուրընկալելու եւ մասնակից երկրների պատվիրակություններին լավագույնս ընդունելու համար:Բոլոր մրցավարներին մաղթում եմ լավ աշխատանք, մարզիկներին՝ հաջողություն»։

Լուսինե Շահբազյան

(Ֆոտո՝ Արսեն Սարգսյան)


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով