23:30  ,  20 հուլիսի, 2014

Նեյմարին վնասվածք հասցրած Սունիգան ունի թիկնապահի կարիք

Կոլումբիայի հավաքականի եւ «Նապոլիի» պաշտպան Խուան Կամիլո Սունիգան ստիպված է եղել թիկնապահ վարձել: Սունիգայի հոր խոսքով՝ ֆուտբոլիստի ու նրա ընտանիքի հասցեին շարունակում են հնչել սպառնալիքներ ու վիրավորանքներ:

«Մենք սպառնալիքներ ենք ստանում հեռախոսով ու ինտերնետի միջոցով: Իհարկե, ես շատ եմ անհանգստանում դրա պատճառով: Անհանգստանում եմ ոչ միայն որդուս համար, այլեւ նրա կնոջ ու փոքրիկ աղջկա: Այժմ բոլորս փողոց ենք դուրս գալիս թիկնապահների հետ: Հուսով եմ, որ շուտով դա կավարտվի եւ մենք կապրենք նորմալ կյանքով»,- Սունիգայի հոր խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի դեմ ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի խաղում Սունիգան ծնկով հարվածել էր «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին՝ կոտրելով բրազիլացու գոտկատեղի հատվածի երրորդ ողի ելուստը: Այդ վնասվածքը Նեյմարին թույլ չտվեց շարունակել ելույթը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով