18:30  ,  15 հուլիսի, 2014

Մարիո Գյոտցե. Առնվազն 15 տարի էլ կխաղամ Գերմանիայի հավաքականում

Նախատեսում եմ առնվազն 15 տարի էլ դեռ խաղալ Գերմանիայի ազգային հավաքականում, Բեռլինում հայտարարել է աշխարհի չեմպիոն Մարիո Գյոտցեն, հաղորդում է Bild-ը:

«Հավանաբար, ես դեռ շատ տիտղոսներ կնվաճեմ ազգային հավաքականի հետ: Առնվազն 15 տարի էլ կխաղամ: Եզրափակիչում ինձ դուրս բերեցին փոխարինման վճռական գնդակը խփելու համար, եւ ես երջանիկ եմ, որ դա հաջողվեց ինձ: Հետո այդ մասին կպատմեմ երեխաներիս եւ թոռներիս: Բայց դա դեռ շուտ չի լինի: Ես դեռ ամուսնացած էլ չեմ:

Կարծում եմ՝ այս տարվա աշխարհի առաջնությունն ավելի հետաքրքիր էր, քան 2010-ինը: Շատ գոլեր եղան, գրեթե բոլոր թիմերի խաղը դարձել է ավելի բովանդակալից: Սակայն եղան նաեւ բացասական նշանով անակնկալներ՝ Իսպանիայի, Իտալիայի եւ Անգլիայի ձախողումները: Իսկ ամենավառ տպավորությունը եզրափակիչից ու կիսաեզրափակիչից է, երբ հաղթեցինք Բրազիլիային 7:1 հաշվով»,- ասել է 22-ամյա Մարիո Գյոտցեն:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Գերմանիան Մարիո Գյոտցեի գոլի շնորհիվ հաղթեց Արգենտինային՝ չորրորդ անգամ հռչակվելով աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով