15:47  ,  14 հուլիսի, 2014

Քանի դեռ հետ ենք Գերմանիայից 1500 տարի

Մեկ ամիս առաջ ես Գերմանիայում էի: Հայաստանի ազգային հավաքականը Մայնցում ընկերական հանդիպում անցկացրեց Բրազիլիա մեկնող Գերմանիայի հետ: Այն որ Գերմանիան ուժեղ է, որ դա մեքենա է եւ որ ԱԱ-ի հիմնական ֆավորիտներից մեկն է, ես  գիտեի: Բայց այն, ինչ տեսա այնտեղ, սպասվածից ավելին էր: Խաղից առաջ, երբ հնչեցին երկների ազգային հիմները, եւ գերմանացիները կատարեցին իրենցը, ես վախեցա: Այո՛, վախեցա: Արտագնա խաղերի շատ եմ եղել: Ինձ չէին վախեցրել ոչ հարավիտալացիները, ովքեր հավաքականի խաղերը Նեապոլում հազվադեպ են տեսնում եւ կարոտած էին, ոչ չեխերը, ում մեզ հաղթելը օդի եւ ջրի չափ հարկավոր էր, ոչ ծայրահեղական բուլղարացիները: Բայց այնտեղ Մայնցում իմ մեջ ներքուստ ինչ-որ սարսուռ անցավ, զգաստացա, պարտվելու վախը սկսեց ինձ տանջել: Գերմանացիները երգեցին իրենց օրհներգը, ինչպես ասում են մի մարդու պես՝ նույն տոնայնությամբ ասես ամբողջ ստադիոնում երգում է մի մարդ բոլորի փոխարեն: Խաղադաշտում ծածանվում էին հսկա դրոշները՝ ասես ֆուտբոլիստբերին եւս մեկ անգամ հիշեցնելու, թե ինչ հզոր պետության ներկայացուցիչներ են նրանք: Էլ չխոսեմ, թե խաղի ժամանակ երկրպագուների երգերից մեկում ասվում էր՝ թե սիրում ես Գերմանիային, ոտքի կանգնիր եւ ծափահարիր: Եվ իհարկե բոլորը հավասար ոտքի էին կանգնում: Եվ այս ամենը ոչ թե ֆուտբոլային հզոր քաղաքում էր, ինչպիսն Մյունխենը կամ Բեռլինն է, այլ փոքրիկ Մայնցում:

Սա իհարկե մերձֆուտբոլային մթնոլորտ է, որը մեծ դեր ունի թիմի հաջողության մեջ: Բայց այսօրվա Գերմանիայի հավաքականի հաջողության գրավականը պետք է փնտրել մի քիչ ավելի շուտ:

Ամեն բան սկսվեց մոտ տասը տարի առաջ: Չնայած Գերմանիան 1996-ին դարձավ Եվրոպայի չեմպիոն եւ 2002-ին աշխարհի փոխչեմպիոն, բայց ազգի համար, որի մասին ասում են, թե ֆուտբոլ խաղում են 22 ֆուտբոլիստներ, բայց հաղթում են գերմանացիները, հարիր չէր այդպիսի արդյունքեր ունենալը (Եվրո-2000, 2004): Գերմանացիները հասկացան, որ միայն մի քանի անհատների վրա թիմ կառուցելը սխալ է, քանի որ միշտ չէ, որ հավաքականը կունենա Կլինսմանի կարգի ֆուտբոլիստ: Գերմանիայի ֆուտբոլային միության որոշմամբ, երկրի լավագույն մասնագետները շրջում էին աշխարհի տարբեր երկրներում, դիտարկում տարբեր նորարարություններ ֆուտբոլում, սովորում ֆուտբոլային տարբեր փիլիսփայություն եւ այդ ամենը բերում հայրենիք:  Գերմանիայի առաջատար ինստիտուտները աջակցում էին թիմին՝ հասկանալու եւ վերլուծելու ցանկացած մրցակցի խաղը: Բացի այդ, գերմանացիներն հիմնական շեշտը դրեցին մանկապատանեկան ֆուտբոլի վրա: Գերմանիայի ֆուտբոլային միությանը ձեռք մեկնեցին առաջատար ակումբները՝ «Բավարիան», «Բորուսիան», «Վերդերը», «Շալկեն», որոնք սկսեցին մեծ գումարներ ծախսել իրենց մանկապատանեկան ակադեմիաների վրա: Արդյունքը ավելի քան ակնհայտ է: Նորընծա չեմպիոնները, որոնց մեծ մասը 23 տարեկանից ցածր են, այդ սերնդի ներկայացուցիչներ են՝ Թոմաս Մյուլեր, Մարիո Գյոտցե , Մատս Հումելս , Մարկո Ռոյս, Տոնի Կրոս, Հոլգեր Բադշտուբեր , Անդրե Շյուրլե, Սվեն Բենդեր, Յուլիան Դրակսլեր:

Այսօր հստակ կարելի է ասել, որ Գերմանիան միակ թիմն է աշխարհում, որտեղ յուրաքանչյուր ֆուտբոլիտսի կարող են փոխարինող գտնել: Ինչի ականատեսը եղանք եզրափակիչում: Սամի Հեդիրան խաղից առաջ վնասվածք ստացավ, բայց նրա մասին արդեն մոռացան երեք րոպե անց:

Երիտասարդ սերունդ դաստիարկելուց բացի, գերմանացիները եւս մեկ ձեռքբերում ունեցան, ինչը եւ օգնեց նրանց այս ԱԱ-ում, ինչպես նաւ նախորդում եւ Եվոպայի առաջնությունում հաջողություն ունենալ: Եթե այսօր շատ հավաքականներ կառուցվում են մեկ մարդու շուրջ՝ Բրազիլիա, Արգենտինա, Պորտուգալիա, ապա Գերմանիան վերակենդանացրեց «տոտալֆուտբոլի» գաղափարը: Ո՞վ կարող է ասել, այս առաջնությունում Ֆիլիպ Լամը պաշտպա՞ն էր, թե՞ հենակետային: Ով կարող է ասել, ո՞ր դիրքում է խաղում Շվայնին՝ հատկապես եզրափակիչ խաղում: Դուք երբեւէ տեսե՞լ եք Նոյերի կարգի դարպասապահ, որը հինալի է խաղում թե ձեռքերով, թե ոտքերով, որը գնդակը որսալուց հետո ձեռքով նետում է մոտ 60 մետր ճիշտ հասցեով եւ սկսում է իր թիմի գրոհը: Էլ չխոսենք այն մասին, որ Նոյերը արդեն աշխարհին համոզեց, որ կարող է հանգիստ հանդես գալ, որպես դարպասապահ-պաշտպան: Եվ եթե շատ հավաքականներ, իսկ դա հիմնականում վերաբերում է հարավամերիկյան թիմերին,  միշտ էլ աչքի են ընկել անհատների խաղի շնորհիվ, ապա այսօրվա Գերմանիան կառուցեց թիմային խաղ: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե Մյուլերը թիմին բերեց հաղթանակ, կամ Կլոզեն կամ, կամ… Դա թիմային հաղթանակ էր: Եվ դրանով էլ հենց գեղեցիկ է ֆուտբոլը: Կարծում եմ՝ մյուս ԱԱ-ին արդեն շատ երկրներ կհետեւեն Գերմանիայի փորձին, ինչո՞ւ չէ նաեւ Հոլանդիայի, որոնք ապացուցեցին թիմային խաղի առավելությունը անհատների վրա հիմնված խաղի նկատմամբ:

Եվ վերջում կրկին կցանկանամ վերադառնալ Մայնց:  Գերմանիա - Հայաստան խաղից առաջ Գերմանիայի ֆուտբոլի միության եւ «Կոֆաս Արենայի» ղեկավարության միացյալ ջանքերով ստադիոնի դիմացի հրապարակում ստեղծվել էին տարբեր տեսակի ատրակցիոններ, որպեսզի մարդիկ մինչեւ խաղը կարողանան հանգստանալ եւ վայելել իրենց ժամանակը: Խաղից հետո ես երկար շրջեցի ստադիոնի մոտակայքում, բայց աղբի նմուշ չգտա: Հարցը այն չէ, որ աղբը մաքրել էին, այլ գերմանացիները երբեք իրենց հողը չեն կեղտոտի: Ստադիոնը գտնվում է առանձնացված մի վայրում, որտեղ շինություններ գրեթե չկան: Բրազիլիայի շատ ստադիոնների կողքին կիսաքանդ տներ են, որտեղ գոյատեւում են մարդիկ, կամ էլ ամայի հողեր: Իսկ Գերմանիայում այդ դատարկ հողերը վերածվել էին ցորենի դաշտերի: Անգամ այդ հատվածը նրանք օգտագործում են խելամիտ:

Իսկ ամենից շատ ինձ տպավորեց նրանց վերաբերմունքը լրագրողներին: Իհարկե, ամեն տեղ խաղից առաջ լրագրողների համար ստեղծում են հատուկ պայմաններ, որպեսզի նրանք աշխատեն: Բայց գերմանացիները բոլորին գերազանցեցին նաեւ այդ հարցում: Որպեսզի լրագրողները գործից չկտրվեն խաղին պատրաստվելիս, նրանք անգամ չէին թողնում, որ մենք մոտենայինք սեղանին եւ  հյուրասիրվեինք. ամեն բան բերում էին մեզ մոտ, միայն թե մենք մեզ հարմարավետ զգանք: Իսկ Երեւանում տապին, երբ լրագրողը ցականում է ջուր խմել, նա պետք է  ամբողջ տրիբունան շրջանցի, իջնի եւ ջուր գնելու համար հերթ կանգնի եւ ուշանա խաղից…

Ասածս ի՞նչ է: Ցավոք, բայց այս պահի դրությամբ Գերմանիայից հետ ենք ամենաքիչը մի 1500 տարի…

Շնորհավոր, Գերմանիայի երկրպագուներ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով