09:28  ,  12 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Բրազիլիա - Հոլանդիա՝ «սփոփիչ եզրափակիչ»

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հուլիսի 12-ին տեղի կունենա նախավերջին հանդիպումը: Կիսաեզրափակիչի անհաջողակներ Բրազիլիայի եւ Հոլանդիայի հավաքականները կմրցեն բրոնզե մեդալների համար: Շատերն այս հանդիպումը համարում են անիմաստ եւ մասնակից թիմերի համար դաժան ու անհաջող կատակ: Իսկ ֆուտբոլասերները դեմ չեն եզրափակիչից առաջ տեսնել եւս մեկ հանդիպում: Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայի «Ազգային» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավարը կլինի 43-ամյա ալժիրցի Ջամել Հայմուդին:

Բրազիլիայի եւ Հոլանդիայի հավաքականները հանդիպել են 11 անգամ: Բրազիլացիները հաղթել 3 անգամ, նույնքան հաղթանակ ունի նաեւ Հոլանդիան: 5 հանդիպում ավարտվել է ոչ ոքի: Հավասարություն է նաեւ խփած եւ բաց թողած գոլերով՝ 15:15: 2010թ. Հարավային Աֆրիկայում թիմերը հանդիպեցին քառորդ եզրափակիչում: Այն ժամանակ Հոլանդիան հաղթեց 2:1 հաշվով: Բրազիլիայի այսօրվա կազմից այդ խաղին մասնակցել են Ժուլիո Սեզարը, Դանիել Ալվեսը եւ Մայկոնը: Հոլանդացիների կազմում նախորդ առաջնության խաղի մասնակիցներց կա վեց ֆուտբոլիստ:

Կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականին 1:7 հաշվով պարտվելուց հետո Բրազիլիայի հավաքականի համար չափազանց դժվար կլինի մեկ անգամ եւս դուրս գալ խաղադաշտ: Վիշտն ու խայտառակության զգացումը բոլոր բրազիլացիների մոտ շատ մեծ է մի քանի օրում մոռանալու համար: Բրազիլացիների աստղ Նեյմարը հայտարարել էր, որ ներկա կլինի այդ խաղին: Մնում է սպասել եւ տեսնել բրազիլացիների արձագանքը սիրելի կամ ատելի թիմին՝ սուլոցնե՞ր, թե՞ ծափահարություններ: Հոլանդիայի հավաքականը հիմնական եւ լրացուցիչ ժամանակում դեռ ոչ մի պարտություն չի կրել այս առաջնությունում եւ դեմ չէ Բրազիլիայից մեկնել առանց պարտության: Սակայն նախորդ առաջնության փոխչեմպիոնների համար երրորդ տեղի խաղն արդեն մեկ քայլ հետ է եւ անհաջողություն: Մյուս կողմից էլ՝ զգալիորեն երիտասարդացած կազմի համար կիսաեզրափակիչ հասնելը եւս կարելի է համարել մեծ նվաճում:

Բրազիլիա - Հոլանդիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս