09:28 12 հուլիսի, 2014Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հուլիսի 12-ին տեղի կունենա նախավերջին հանդիպումը: Կիսաեզրափակիչի անհաջողակներ Բրազիլիայի եւ Հոլանդիայի հավաքականները կմրցեն բրոնզե մեդալների համար: Շատերն այս հանդիպումը համարում են անիմաստ եւ մասնակից թիմերի համար դաժան ու անհաջող կատակ: Իսկ ֆուտբոլասերները դեմ չեն եզրափակիչից առաջ տեսնել եւս մեկ հանդիպում: Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայի «Ազգային» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավարը կլինի 43-ամյա ալժիրցի Ջամել Հայմուդին:
Բրազիլիայի եւ Հոլանդիայի հավաքականները հանդիպել են 11 անգամ: Բրազիլացիները հաղթել 3 անգամ, նույնքան հաղթանակ ունի նաեւ Հոլանդիան: 5 հանդիպում ավարտվել է ոչ ոքի: Հավասարություն է նաեւ խփած եւ բաց թողած գոլերով՝ 15:15: 2010թ. Հարավային Աֆրիկայում թիմերը հանդիպեցին քառորդ եզրափակիչում: Այն ժամանակ Հոլանդիան հաղթեց 2:1 հաշվով: Բրազիլիայի այսօրվա կազմից այդ խաղին մասնակցել են Ժուլիո Սեզարը, Դանիել Ալվեսը եւ Մայկոնը: Հոլանդացիների կազմում նախորդ առաջնության խաղի մասնակիցներց կա վեց ֆուտբոլիստ:
Կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականին 1:7 հաշվով պարտվելուց հետո Բրազիլիայի հավաքականի համար չափազանց դժվար կլինի մեկ անգամ եւս դուրս գալ խաղադաշտ: Վիշտն ու խայտառակության զգացումը բոլոր բրազիլացիների մոտ շատ մեծ է մի քանի օրում մոռանալու համար: Բրազիլացիների աստղ Նեյմարը հայտարարել էր, որ ներկա կլինի այդ խաղին: Մնում է սպասել եւ տեսնել բրազիլացիների արձագանքը սիրելի կամ ատելի թիմին՝ սուլոցնե՞ր, թե՞ ծափահարություններ: Հոլանդիայի հավաքականը հիմնական եւ լրացուցիչ ժամանակում դեռ ոչ մի պարտություն չի կրել այս առաջնությունում եւ դեմ չէ Բրազիլիայից մեկնել առանց պարտության: Սակայն նախորդ առաջնության փոխչեմպիոնների համար երրորդ տեղի խաղն արդեն մեկ քայլ հետ է եւ անհաջողություն: Մյուս կողմից էլ՝ զգալիորեն երիտասարդացած կազմի համար կիսաեզրափակիչ հասնելը եւս կարելի է համարել մեծ նվաճում:
Բրազիլիա - Հոլանդիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.