12:58  ,  9 հուլիսի, 2014

Ալեխանդրո Սաբելյա. Դի Մարիան շատ կարեւոր է Արգենտինայի հավաքականի համար

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Հոլանդիայի դեմ առաջին րոպեից կխաղա Էնցո Պերեսը, իսկ Անխել Դի Մարիայի նշանակությունը հսկայական է թիմի համար եւ նրան արժանի փոխարինող գտնելը բարդ է, ասել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան, փոխանցում է Sportbox-ը:

«Հավաքականի կազմը կորոշվի խաղից առաջ: Բայց մեծ է հավանականությունը, որ առաջին րոպեին կխաղա Էնցո Պերեսը: Արագության, տեխնիկայի, խաղադաշտը տեսնելու, Լիոնել Մեսիի հետ հրաշալի համագործակցության շնորհիվ Դի Մարիան շատ կարեւոր է մեր հավաքականի համար: Պատահական չէ, որ նա Չեմպիոնների լիգայի գավաթակիր է եւ եվրոպական շուկայում ամենամեծ պահանջարկ ունեցող ֆուտբոլիստներից մեկն է:

Պերեսը ճանաչվել է Պորտուգալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Նա զգալիորեն առաջադիմել է եւ լիովին պատրաստ է սպասվող պայքարին: Ագուերոն արդեն պատրաստ է դուրս գալ խաղադաշտ:

Հոլանդիայի դեմ ռիսկի չենք դիմի: Ինչքան շատ խաղացող է մասնակցում հարձակմանը, այդքան մեծ է վտանգը, որ պաշտպանությունում դատարկություն կառաջանա, ինչը Հոլանդիայի նման թիմի հետ շատ վտանգավոր է: Լուի վան Գալը մեծագույն մարզիչ է: Նա շատ խելացի մարդ է, եւ նրա թիմը կարողանում է բազմազան գործել»,- ասել է Ալեխանդրո Սաբելյան:

Հոլանդիա - Արգենտինա հանդիպումը Երեւանի ժամանակով կեսգիշերին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս