12:58 9 հուլիսի, 2014Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Հոլանդիայի դեմ առաջին րոպեից կխաղա Էնցո Պերեսը, իսկ Անխել Դի Մարիայի նշանակությունը հսկայական է թիմի համար եւ նրան արժանի փոխարինող գտնելը բարդ է, ասել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան, փոխանցում է Sportbox-ը:
«Հավաքականի կազմը կորոշվի խաղից առաջ: Բայց մեծ է հավանականությունը, որ առաջին րոպեին կխաղա Էնցո Պերեսը: Արագության, տեխնիկայի, խաղադաշտը տեսնելու, Լիոնել Մեսիի հետ հրաշալի համագործակցության շնորհիվ Դի Մարիան շատ կարեւոր է մեր հավաքականի համար: Պատահական չէ, որ նա Չեմպիոնների լիգայի գավաթակիր է եւ եվրոպական շուկայում ամենամեծ պահանջարկ ունեցող ֆուտբոլիստներից մեկն է:
Պերեսը ճանաչվել է Պորտուգալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Նա զգալիորեն առաջադիմել է եւ լիովին պատրաստ է սպասվող պայքարին: Ագուերոն արդեն պատրաստ է դուրս գալ խաղադաշտ:
Հոլանդիայի դեմ ռիսկի չենք դիմի: Ինչքան շատ խաղացող է մասնակցում հարձակմանը, այդքան մեծ է վտանգը, որ պաշտպանությունում դատարկություն կառաջանա, ինչը Հոլանդիայի նման թիմի հետ շատ վտանգավոր է: Լուի վան Գալը մեծագույն մարզիչ է: Նա շատ խելացի մարդ է, եւ նրա թիմը կարողանում է բազմազան գործել»,- ասել է Ալեխանդրո Սաբելյան:
Հոլանդիա - Արգենտինա հանդիպումը Երեւանի ժամանակով կեսգիշերին է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.