11:55  ,  9 հուլիսի, 2014

Սկոլարի. Նեյմարի մասնակցությունը ոչինչ չէր փոխի Գերմանիայի հետ խաղում

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականից 1:7 հաշվով պարտություն կրելուց հետո հայտարարել է, որ Նեյմարը եւս ոչինչ չէր փոխի այդ խաղում, քանի որ Բրազիլիայի խնդիրները հարձակման գծում չեն, փոխանցում է itar-tass-ը Բրազիլայից:

«Սա ահավոր պարտություն է, աղետ է: Ամեն ինչ որոշվեց, երբ չորս րոպեում երեք գնդակ բաց թողեցինք: Առաջին գոլից հետո մեր թիմը կորցրեց վերահսկողությունը, իսկ հետո իրադարձություններն այնքան արագ զարգացան, որ արդեն ոչինչ հնարավոր չէր անել: Արդյունքի համար միշտ պատասխանատու է մարզիչը, սակայն մենք կշարունակենք մարզվել, քանի որ դեռ պետք է խաղանք երրորդ տեղի համար:

Ցանկանում եմ նշել, որ մենք ունենք շատ երիտասարդ թիմ: 14-15 ֆուտբոլիստներ այս կազմից կարող են հանդես գալ հաջորդ առաջնությունում: Պարտությունը սարսափելի է, բայց մենք պետք է դասեր քաղենք: Կյանքը շարունակվում է: Մենք պետք է պատվով հաղթահարենք այս բարդ պահը:

Եթե նույնիսկ Նեյմարը մասնակցեր խաղին, ոչինչ չէր փոխվի: Նա հարձակվող է, իսկ մեր խնդիրները հարձակման գծում չէին: Մրցակցի մոտ ամեն ինչ ստացվում էր: Սա նրանց լավագույն հանդիպումն էր այս մրցաշարում»,- նշել է Սկոլարին:

Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը տեղի կունենա հուլիսի 12-ին: Հուլիսի 13-ին կայանալիք եզրափակիչում Գերմանիան կմրցի Հոլանդիա - Արգենտինա զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով