11:55 9 հուլիսի, 2014Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականից 1:7 հաշվով պարտություն կրելուց հետո հայտարարել է, որ Նեյմարը եւս ոչինչ չէր փոխի այդ խաղում, քանի որ Բրազիլիայի խնդիրները հարձակման գծում չեն, փոխանցում է itar-tass-ը Բրազիլայից:
«Սա ահավոր պարտություն է, աղետ է: Ամեն ինչ որոշվեց, երբ չորս րոպեում երեք գնդակ բաց թողեցինք: Առաջին գոլից հետո մեր թիմը կորցրեց վերահսկողությունը, իսկ հետո իրադարձություններն այնքան արագ զարգացան, որ արդեն ոչինչ հնարավոր չէր անել: Արդյունքի համար միշտ պատասխանատու է մարզիչը, սակայն մենք կշարունակենք մարզվել, քանի որ դեռ պետք է խաղանք երրորդ տեղի համար:
Ցանկանում եմ նշել, որ մենք ունենք շատ երիտասարդ թիմ: 14-15 ֆուտբոլիստներ այս կազմից կարող են հանդես գալ հաջորդ առաջնությունում: Պարտությունը սարսափելի է, բայց մենք պետք է դասեր քաղենք: Կյանքը շարունակվում է: Մենք պետք է պատվով հաղթահարենք այս բարդ պահը:
Եթե նույնիսկ Նեյմարը մասնակցեր խաղին, ոչինչ չէր փոխվի: Նա հարձակվող է, իսկ մեր խնդիրները հարձակման գծում չէին: Մրցակցի մոտ ամեն ինչ ստացվում էր: Սա նրանց լավագույն հանդիպումն էր այս մրցաշարում»,- նշել է Սկոլարին:
Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը տեղի կունենա հուլիսի 12-ին: Հուլիսի 13-ին կայանալիք եզրափակիչում Գերմանիան կմրցի Հոլանդիա - Արգենտինա զույգի հաղթողի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.