09:29  ,  9 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Հոլանդիա - Արգենտինա. Ոչ պակաս պատմական կիսաեզրափակիչի սպասումով

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի երկրորդ մասնակիցը հայտնի կդառնա Հոլանդիա - Արգենտինա դիմակայությունում: Եզրափակիչում սպասում է Գերմանիան, որը Բրազիլիային հաղթեց 7:1 հաշվով եւ մղձավանջային գիշեր ապահովեց առաջնության կազմակերպիչ երկրի համար: Կիսաեզրափակիչի առաջին հանդիպման արդյունքը կմնա պատմությունում: Ոչ պակաս պատմական հանդիպում ենք ակնկալում նաեւ երկրորդ կիսաեզրափակիչում: Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ոչ ստանդարտ որոշումներով կարող է անակնկալ մատուցել Արգենտինային, որը 24 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հանդես կգա կիսաեզրափակիչում, իսկ Հոլանդիայի հավաքականը կփորձի կրկնել անցած առաջնության հաջողությունը: Հիշեցնենք, որ չորս տարի առաջ Հարավային Աֆրիկայում Հոլանդիան դարձավ փոխչեմպիոն: Սան Պաուլոյի «Արենա Կորինտիանս» ստադիոնում կայանալիք խաղը կսպասարկի թուրք մրցավար Ջունեյթ Չաքիրը:

Հոլանդիայի եւ Արգենտինայի հավաքականները հանդիպել են 8 անգամ: 4 հաղթանակ է տարել Հոլանդիան, 3 հանդիպում ավարտվել է ոչ ոքի: Արգենտինան հաղթել է միայն մեկ անգամ՝ 1978թ. աշխարհի առաջնության եզրափակիչում: Գոլերի տարբերությունը 13:6 է՝ Հոլանդիայի օգտին: 2006թ. աշխարհի առաջնությունում Արգենտինան ու Հոլանդիան խաղացել են խմբային փուլում: Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: Դրանից հետո թիմերը չեն հանդիպել:

Կիսաեզրափակիչից առաջ Հոլանդիայի հավաքականի ճամբարից լուրեր են ստացվում, թե Ռոբին վան Պերսին եւ Նայջել Դե Յոնգը մարզվում են անհատական ծրագրով, եւ նրանց մասնակցությունը հարցականի տակ է: Սակայն որոշ մասնագետներ կարծում են, որ դա ապատեղեկատվություն է, եւ Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հերթական խորամանկությունն է: Սպասվում է, որ Նայջել Դե Յոնգի վրա կդրվի Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի վնասազերծումը:

Արգենտինայի հավաքականը Բելգիայի դեմ քառորդ եզրափակիչում կորցրեց խաղ կառուցող եւ ստեղծագործող Անխել Դի Մարիային, ինչը կարող է լուրջ հարված լինել Սաբելյայի ղեկավարած թիմի համար: Մկանային վնասվածքից հետո ապաքինվել է Սերխիո Ագուերոն:

Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Արգենտինային, որի հաղթանակի միջին գործակիցն առայժմ 2.4 է: Հոլանդիայի հաղթանակը գնահատվում է 3.2, իսկ ոչ ոքին՝ 3.3 գործակցով:

Հավանական կազմերը

Հոլանդիա. Յասպեր Սիլեսեն, Ռոն Վլար, Ստեֆան դե Վրեյ, Բրունո Մարտինս Ինդի, Դեյլի Բլինդ, Դիրկ Կայտ, Նայջել Դե Յոնգ, Ուեսլի Սնեյդեր, Մեմֆիս Դեպայ, Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի:

Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Մարկոս Ռոխո, Էզեկյել Գարայ, Խոսե Բասանտա, Խավյեր Մասկերանո, Լուկաս Բիլյա, Էնցո Պերես, Լիոնել Մեսի, Գոնսալո Իգուաին, Սերխիո Ագուերո:

Հոլանդիա - Արգենտինա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս