01:48  ,  9 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Բրազիլացիների խայտառակ պարտությունը

Բրազիլիայի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում՝ 1:7 հաշվով պարտվելով Գերմանիայի թիմին: Հանդիպումը կայացավ Բելու Օրիզոնտիում, որտեղ աշխարհի հնգակի չեմպիոն բրազիլացիները չէին պարտվել 30 տարի:

Բունդեսթիմը չափազանց վստահ անցկացրեց առաջին խաղակեսը, եւ խփելով 5 անպատասխան գոլ, հանեց հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը: Բրազիլացիները շատ ակտիվ սկսեցին խաղը, սակայն Գերմանիայի հավաքականն աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը, իսկ 11-րդ րոպեին բացեց հաշիվը: Աչքի ընկավ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, ում գոլից հետո եղավ Բրազիլիայի հավաքականի համար ճակատագրական ժամանակահատված, երբ գերմանացիները 6 րոպեում խփեցին 4 գոլ: Յոահիմ Լյովի թիմը առավելությունը 23-րդ րոպեին կրկնապատկեց Հռոմի «Լացիոյի» 36-ամյա հարձակվող Միրոսլավ Կլոզեն, ով 16 գոլով դարձավ «Մունդիալների» պատմության լավագույն ռմբարկուն: 36-ամյա գերմանացու գոլին հաջորդեց «Բավարիայի» կիսապաշտպան Տոնի Կրոսի դուբլն ու Մադրիդի «Ռեալի» խաղացող Սամի Խեդիրայի խփած գոլը: Բրազիլացիները մինչեւ ընդմիջում չէին կարողանում ուշքի գալ եւ վտանգավոր պահեր չստեղծեցին առաջին խաղակեսում:

Երկրորդ խաղակեսը սկսվեց Բրազիլիայի թիմի գրոհների ներքո: Դաշտի տերերը մեկը մյուսի հետեւից ստեղծում էին իրական գոլային պահեր, սակայն «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մի քանի անգամ փրկեց գերմանացիներին: Բրազիլացիների գրոհներն աստիճանբար կորցրին իրենց թափը, իսկ գերմանացիները սկսեցին անցկացնել վտանգավոր հակագրոհներ եւ խփեցին եւս 2 գոլ: Եվրոպացիներից դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Անդրե Շյուրլեն, ում գոլերին բրազիլացիներն ավելացված ժամանակում պատասխանեցին Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Օսկարի դիպուկ հարվածով:

1:7. սա Բրազիլիայի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն էր աշխարհի առաջնություններում: Նախորդ հակառեկորդը բրազիլացիները գրանցել էին ԱԱ-1998-ի եզրափակիչում՝ 0:3 հաշվով պարտվելով ֆրանսիացիներին:

Աշխարհի եռակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը 8-րդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր: Մյուս կիսաեզրափակիչում հուլիսի 9-ին կմրցեն Հոլանդիայի եւ Արգենտինայի հավաքականները: Այդ զույգի պարտվողը երրորդ տեղի համար խաղում կհանդիպի բրազիլացիներին:

ԱԱ-2014, կիսաեզրափակիչ

Բրազիլիա – Գերմանիա՝ 1:7

Օսկար, 90+1 – Թոմաս Մյուլեր, 11, Միրոսլավ Կլոզե, 23, Տոնի Կրոս, 24, 26, Սամի Խեդիրա, 29, Անդրե Շյուրլե, 69, 80

Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Մայկոն, Դանթե, Դավիդ Լուիս, Մարսելո, Լուիս Գուստավո, Ֆերնանդինյո (Պաուլինյո, 46), Օսկար, Բերնարդ, Հալկ (Ռամիրես, 46), Ֆրեդ (Վիլիան, 71):

Գերմանիա. Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս (Պեր Մերտեզարկեր, 46), Բենեդիկտ Հյովեդես, Սամի Խեդիրա (Յուլիան Դրաքսլեր, 76), Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ, Թոմաս Մյուլեր, Միրոսլավ Կլոզե (Անդրե Շյուրլե, 58):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով