13:50  ,  7 հուլիսի, 2014

Իգուաին. Կիսաեզրափակիչում գոլս կնվիրեմ Ալֆրեդո Դի Ստեֆանոյին

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի եւ իտալական «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը խոստացել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում գրավել Հոլանդիայի հավաքականի դարպասը եւ գոլը նվիրել Մադրիդի «Ռեալի» լեգենդար արգենտինացի հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյին, որը սրտի նոպայից հետո արհեստական կոմայի մեջ է, հաղորդում է Goal.com-ը: Հոլանդիա - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին:

«Դոն Ալֆրեդոյին մաղթում եմ լինել ուժեղ, նա այժմ պայքարում է կյանքի համար: Նա միշտ բարեհամբույր է եղել իմ նկատմամբ: Ես շատ եմ սիրում այդ մարդուն: Նա իմ կողքին էր, երբ ես 18 տարեկանում հայտնվեցի «Ռեալում»: Նա միշտ աջակցում էր ինձ: Ես գոլս կնվիրեմ նրան, որպեսզի նա հաղթահարի այս փորձությունը»,- ասել է Գոնսալո Իգուաինը:

Հիշեցնենք, որ Արքայական ակումբի եւ ՈւԵՖԱ-ի պատվավոր նախագահ Ալֆրեդո Դի Ստեֆանոն հոսպիտալացվել է հուլիսի 5-ին Մադրիդում: 88-ամյա Դի Ստեֆանոն սրտի նոպայի ժամանակ եղել է փողոցում: Նրա շնչառությունը 18 վայրկյան կանգնել է:

Դի Ստեֆանոն «Ռեալի» կազմում փայլուն ակումբային կարիերայից բացի, հայտնի է նաեւ երեք երկրների ազգային հավաքականներում հանդես գալու բացառիկ փաստով: Նա խաղացել է Արգենտինայի (6 խաղ, 6 գոլ), Կոլումբիայի (4 խաղ) եւ Իսպանիայի (31 խաղ, 23 գոլ) հավաքականներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով